28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ԱՄՆ-ի կոնգրեսում Թուրքիայի հարցով նիստ է անցկացվել

ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում տեղի է ունեցել Թուրքիայի վերաբերյալ նիստ: Ըստ «Ամերիկայի Ձայն»-ի թուրքական ծառայության՝ նիստը կրել է «Թուրքիայում օրենքի թուլացման զոհերը» խորագիրը, որի ընթացքում մի շարք ամերիկացի պաշտոնյաներ քննադատել են Թուրքիայում տիրող ներքաղաքական իրավիճակը:

Մասնավորապես, նիստի մասնակիցները առաջին հերթին քննադատել են ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում դեռևս պահպանվող արտակարգ դրությունը, որի ընթացքում կալանավորվում են հազարավոր մարդիկ, այդ թվում նաև Թուրքիայում գտնվող ԱՄՆ-ի քաղաքացիներ:

Կոնգրեսի նիստում ելույթով հանդես է եկել Թուրքիայում ավելի քան 1 տարի կալանավորման մեջ գտնվող ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրյունսոնի դուստրը՝ Ժակլին Ֆուրնարին, ով դատապարտել և «աբսուրդ» է որակել  Թուրքիայի իշխանությունների քայլերը իր հոր նկատմամբ: 

Ամերիկացի հոգևորականը թուրքական իշխանությունների կողմից մեղադրվում է երկրում ահաբեկչական համարվող գյուլենականների հետ կապ ունենալու մեջ:
 
Թեմային է անդրադարձել նաև հանրապետական սենատոր Թոմ Թիլլսը:

Նա մասնավորապես քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն խոսքերը ըստ, որոնց թուրքական կողմը միայն այն դեպքում ազատ կարձակի ամերիկացի հոգևորականին, եթե ԱՄՆ-ն արտահանձնի իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենին: Վերջինիս  թուրքական իշխանությունները մեղադրում են 2016թ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ:

«Դա արդարացի չէ, դա նշանակում է պատանդ պահել: ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի դաշնակցից նման տեսակ վերաբերմունք չէր սպասում»:

Նա նաև անդրադարձել է Թուրքիայում գործող արտակարգ դրությանը: Նշվել է, որ Թուրքիան հանդիսանում է ԵԱՀԿ-ի (Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպություն) անդամ, հետևաբար այդ երկրում օրենքի գերակայությունը պետք է պահպանվի:

Ելույթով հանդես է եկել նաև ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Ջոնաթան Կոհենը,  ով ընդգծել է, որ ռազմական հեղաշրջման փորձի հետևանքով Թուրքիային մեծ հարված հասցվեց, որի հետևանքով իշխանությունները սկսեցին հետաքննություն անցկացնել: Միաժամանակ նա շեշտել է, որ հաճախ այդ հետաքննության զոհ են դառնում այնպիսի մարդիկ ովքեր կապ չունեն տեղի ունեցածի հետ: Նա նշել է, որ հաճախ Թուրքիայում նաև թիրախավորվում է մամուլը:

 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ