Առանց մեղավոր փնտրելու մեր կյանքում. հիշենք Աստծուն
Սկսենք ` առանց մեղավոր փնտրելու մեր կյանքում և հիշենք Սուրբ Գրիգոր Տաթևացու այն խոսքը, թե` «Եթե հրեշտակը ընկավ միայն մեկ մեղքի` հպարտության պատճառով, ինչ կլինի մեզ հետ, որ ունենք բոլոր յոթ մահացու մեղքերը..»
Եթե երբևէ մտքովդ կանցնի, որ Ադամն էր մեղավոր ամեն ինչի համար, ապա հիշիր, որ նա ամենևին փորձ չուներ, իսկ դու այդքան փորձառու լինելով, չես հետևում Կատարյալ Ադամին` Քրիստոսին, Որը քեզ ամեն ինչ սովորեցրեց:
Եթե երբևէ մտքովդ կանցնի, որ Եվան էր մեղավոր, ով կին, որը նույնպես փորձ չուներ, ապա քեզ համար եկավ Սուրբ Կույս Մարիամ Աստվածածինը` իր հեզության ու խոնարհության կատարյալ օրինակով: Մոռացիր Եվային ու Սուրբ Աստվածածնին հետևիր, նրա բարեխոսությունը խնդրիր իր Որդու առաջ քո մեղքերի համար: Հեշտ է մեղադրել անփորձին, որը ընկավ, սակայն դժվար է, երբ նույն փոսի մեջ դու ես ընկնում, փորձառու լինելով հանդերձ: Թող Ողորմի մեզ Տերը` մեր անհնազանդության ու անհեռատեսության համար:
Հոգևոր գրքերից սովորեցինք, որ օրենքը նման է պատշարի կապարալարին, որի օգնությամբ պատը ուղիղ է շարվում: Օրենքը նման է մեքենայի առջևի լույսերին, որոնք ցույց են տալիս ճանապարհի անհարթությունները և խաչմերուկները: Օրենքը մեր բարեկամն է, մեր դաստիարակն է, բայց մեր փրկիչը չէ:
Աստված մեզ չի ասել, որ օրենքը պահելով կփրկվենք, քանզի ոչ ոք չի կարող ամբողջ օրենքը պահել: Օրենքը մեզ տանում է խաչի մոտ և ցույց է տալիս մեր մեղավոր լինելը: Օրենքը մեզ փաստում է, որ մենք փրկչի կարիք ունենք: Այս միտքը հաստատում է Պողոս առաքյալը գաղատացիների նամակի երրորդ գլխում:
«Այսպէս՝ օրէնքը դաստիարակ եղաւ՝ մեզ Քրիստոս Յիսուսին բերելու, որպէսզի հաւատով արդարանանք։ Իսկ երբ հաւատը եկաւ, էլ դաստիարակի ձեռքի տակ չենք. քանզի բոլորդ էլ Աստծու որդիներ էք հաւատով ի Յիսուս Քրիստոս»։
Ծովիկ Դավթյան