Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանին անհրաժեշտ է համբերատար լինել. թուրք վերլուծաբան
Հայկական կողմին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ կլինի համբերատարություն դրսեւորել, Վաշինգտոնում անցած քննարկման ընթացքում նշել է ԱՄՆ-ում թուրքական SETA հիմնադրամի հետազոտությունների ղեկավար Քիլիք Քանաթը՝ անդրադառնալով 2009-ին ԱՄՆ-ի նախագահ Օբամայի վարչակազմի կողմից նախաձեռնած հայ-թուրքական մերձեցման նախաձեռնության ձախողմանը, գրում է Ամերիկայի ձայնը։
«Այն դեպքում հայկական կողմը մաքսիմալիստական մոտեցում ուներ՝ փորձելով բոլոր հարցերը լուծել մեկ հայտարարության ստորագրմամբ, որը չհաջողվեց եւ ողջ գործընթացը ձախողվեց»:
Թուրք վերլուծաբանի խոսքով, ԱՄՆ-ի նոր վարչակազմը կարող է հայ-թուրքական մերձեցման նոր նախաձեռնություն առաջարկել միայն եթե կողմերի միջեւ լինի վստահության մթնոլորտ: Միեւնույն ժամանակ, Քիլիք Քանաթն ավելացնում է, որ այսօր նման մթնոլորտ չկա նույնիսկ Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ: ԱՄՆ-ի եւ Թուրքիայի ղեկավարները հանդիպում են, բանակցում, սակայն դրա արդյունքում որեւէ առաջընթաց չի գրանցվում, նշում է վերլուծաբանը: Ավելին, Թուրքիայում աճում են Ամերիկայի դեմ բացասական տրամադրությունները.
«Այդ հակաամերիկյան տրամադրություններն ուղղված են տարածաշրջանում ԱՄՆ-ի գործողությունների, իսկ որոշ դեպքերում՝ անգործության դեմ»:
Քննարկմանը որպես փորձագետ ներկա Պետքարտուղարության քաղաքականության մշակման խմբի անդամ գնդապետ Ռիչարդ Օութզենը նշեց, որ այսօր բարդ է լավատես լինել թուրք-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ, հաշվի առնելով Էրդողանի կողմից իշխանությունն իր ձեռքում կենտրոնացման ուղղված քայլերը.
«Միացյալ Նահանգների համար չափազանց կարեւոր է, որ Թուրքիան լինի ոչ միայն կայուն եւ անվտանգ այլ նաեւ՝ ժողովրդավար եւ արեւմտյան արժեքներով առաջնորդվող»:
ԱՄՆ-ին զարմացնում է նաեւ Թուրքիայի իշխանությունների անհասկանալի որոշումը ռուսական արտադրության հակաօդային S-300 կամ S-400 համակարգեր գնելու վերաբերյալ, նշեց քննարկման մեկ այլ մասնակից, պաշտոնաթող ամերիկյան գեներալ Մարք Քիմմիթը.
«ՆԱՏՕ-ն ստիպված է լինելու այդ դեպքում բազմաթիվ սահմանափակումներ մտցնել Թուրքիայի հետ հետախուզական եւ այլ տեղեկատվության փոխանակման վրա»:
Գեներալ Քիմմիթի խոսքով, ռուսական զենք գնելու Թուրքիայի քաղաքական դրդապատճառները պարզ են, սակայն, այդ որոշումն իրականում ավելի է բարդացնելու ՆԱՏՕ-ի աշխատանքը եւ վնասելու է առաջին հերթին հենց Թուրքիային: