Աստծուն հուսացի, մարդն ի՞նչ կարող է իմ հանդեպ անել
Ողորմի՛ր, Աստվա՛ծ, քանի որ մարդն ինձ առավ ոտքի՛ տակ, և ամենօրյա պատերազմները ինձ խի՛ստ նեղեցին: Ոտքի՛ տակ առան թշնամիներս ինձ. շա՛տ ու շատ էին իրենց քանակով՝ բարձունքի՛ց էին հարձակվում վրաս: Տե՛ր, Քե՛զ հուսացի և ցերեկվա մեջ երկյուղ չունեցա՛, Աստծով գովելի՛ եղան խոսքերն իմ, քանի որ հույսս ուղղեցի՛ Նրան և չերկյուղեցի՛, մարդն ի՞նչ կարող է արդեն ինձ անել:
Օ՛րն ի բուն խոսքերն իմ անարգեցի՛ն՝ ինձնից լսածն ինձ նենգափոխելո՛վ, դարձրին խորհուրդ՝ չարությա՛նն իրենց ծառայեցնելու: Բայց պիտի նրանք պանդուխտնե՛ր դառնան, և գաղտագողի՛ այս ու անդ շրջեն՝ վա՛խն ունենալով իրենց կողակից. զի կրո՛ւնկս էին տեսնել սպասում, որպեսզի խայթե՛ն, նույն կերպ էլ դա՛վ են նյութում անձիս դեմ: Եվ պիտի մերժե՛ս դրանց բոլորին, վերաբերվելով արդեն ո՛չ մարդկանց, այլ՝ ոչնչությա՛ն, հնազանդեցնե՛ս ժողովուրդներին բարկությա՛ն սաստով:
Աստվա՛ծ իմ, կյա՛նքս պիտի պատմեմ Քեզ և արցունքնե՛րս Քո առջև դնեմ՝ այդպե՛ս խոստացար, որ ինձ ընդունես: Թշնամիներս պիտի ե՛տ դառնա՛ն ա՛յն ճամփով, որով որ ելան- եկան, և ա՛յն օրը, երբ աղոթքներ կարդամ իմ Աստծու առջև: Ահա, Աստվա՛ծ իմ, Քե՛զ ճանաչեցի, իմ բերանովս օրհներգո՛ւմ եմ Քեզ, և իմ Տիրո՛ջս պիտ գովաբանեմ ի՛մ իսկ խոսքերով. Աստծո՛ւն հուսացի և չերկյուղեցի՛, մարդն ի՞նչ կարող է իմ հանդեպ անել:
Ինձանից են իմ ուխտերը, որոնք պիտի օրհնությա՛մբ պահեմ Քեզ համար: Անձս մահվանից այդ Դո՛ւ փրկեցիր, արտասուքներից աչքն իմ սրբելով, ոտքերս հանեցի՛ր որոգայթներից գայթակղության և ես հաճելի՛ դարձա Տիրոջս ա՛յն երկրում, ուր՝ միա՛յն կենդանի մարդիկ են ապրում:
Գրաբարից փոխադրեց Մաքսիմ Ոսկանյանը: