27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քեզ եմ հուսադրել, Տեր, մարդասեր Աստված

Մատյանի ամենապարզկա գլուխներից՝ հստակ ու ներկրող

Ա
Քանի որ ինքս իմ անձնական կամքով՝ իմ կյանքը գրա՛վ դրեցի մահվան, չկարողացա երբե՛ք, ո՛չ մի ժամ, մարդո՛ւ պես ելնել ու կանգնել ոտքի, և ո՛չ ստացա մի սիրտ բանական, ըստ Գրի խոսքի, և քանզի երբեք ես չփոխվեցի՛ նախկին Կարգերիդ դրվածքի հանգույն, և ո՛չ էլ բարի քայլողների հետ ուղիղ ընթացա, ինչո՞ւ, ուրեմն, ցույց չտամ այստեղ՝ ընթերցվածներում՝ խոտորվածների հետքով գնացող խավարային իմ ընթացքները այլ: Որոնք մի՛ առ մի խոսքիդ Լույսի մեջ ի հայտ բերելով՝ տարածե՛մ Քո դեմ, ըստ Քո Վերնագույն դրած սահմանը պահած անփոփոխ՝ կրկի՛ն, վերստի՛ն խոստովանելով այս խոսքերիս մեջ՝ չարություննե՛րըս մյուս մնացած, բծե՛րը դրանց, որոնք հաջորդիվ պիտի թվարկեմ:

Բ
Ժանտագո՛րծս օտար, պատժի արժանի չարություններըս ի՛նքս աճեցրի անսա՛ստ քայլելով՝ նենգ Բելիարի գնդերի շարքում. կաքավո՛ւմ էի ցուցադրաբար, վազո՛ւմ նրանց հետ, խաղում գարշաթոր դիվաց հետ մեկտեղ, որ խաբո՛ւմ էին ինձ ճարտարորեն, և այդ ամենին իմ ծուլությա՛մբ էր, որ ելք տվեցի, գանելի գաղտնի վիճակների մեջ իմ խառնվելով, դևերի անհայտ խոցերով պատված՝ ինձ դահիճների կործանումներին՝ ի՛նքս մատնեցի: Ո՛չ թե հերքեցի այդ վանվածներին, որ Քրիստոսի խաչից հեռացան, այլ հակառակը՝ դրանց առավե՛լ զորացրի ես: Անօրենություններն այն, որոնք գործեցի, դրանց պատճառով Անունդ Հիսուսի՝ այսերի գնդում դարձրի անարգ ու հայհոյելի՛, ինչպես Իսրայելն իր հերթին արեց հեթանոսաց մեջ՝ հայհոյե՛լ տալով Անունը Աստծուդ:

Եվ ապականող ու վնասակար հարվա՛ծ հարվածի հետևից բերի ու հավելեցի՝ ժա՛նգ ու թրթուրներ և ուտիճներ այլ, որոնք վատնեցի՛ն ծաղիկը հոգուս, ըստ սուրբ Հովելի, որ հրաշալի իր ողբերի մեջ ցույց էր տալիս թե՝ երկիրն Իսրայել ի՜նչ չար գործեր էր նյութում կատարում, նո՛ւյն իսկ բաները իմ մեջ տնկեցի՝ դրանց ստեղծել ու ծնունդ տալով, քան թե՝ սատակմա՛մբ՝ անձս ազատելով ինձ խժռողներից: Իմ անձի հանդեպ ե՛ս հավաքեցի՝ բյո՜ւր բյուր կույտերով հակառակորդներ, որ զինված էին մահաբեր զենքով. իմ դեմ հանեցի կշտամբողների մի ամբո՛ղջ բանակ՝ բոլո՛րն անօրեն, անպատկառելի՛: Հակառակորդնե՛ր զորացրեցի, իսկ ինձ ընկճեցի՝ դարձնելով նրանց դեմ՝ չպատերազմո՛ղ: Քաղցրությունների ճաշակման ժամին՝ դառնությունների՛ մասը ընտրեցի, ի՛նքս Աստծուդ առջև նենգավոր եղա, իսկ բանսարկուին հա՛ր հավատարիմ:

Գ
Ավա՜ղ աղետիս, վիշտ ու վտանգիս, խավա՛ր ամոթիս, մո՛ւթ պատկառանքիս, և ինչպե՞ս պիտի ես համարձակվեմ հանդիմանությամբ ո՛ղջն հայտնի անել, երբ մե՜ծ է այսքան գույժը իմ ձայնով և բողոքներիս աղաղակները՝ դժվար խոսելի: Քանզի իմ հոգով երբ նայում եմ ինձ՝ տգե՛ղ եմ, նվա՛ղ և ներգրավված խառնա՛կ բաներում, լեցո՛ւն հեծության դժգույն ցավերով, որոնց մեջ էլ եմ վարանմա՛մբ գնում՝ մրոտվա՛ծ այսպես, գույներս աղտոտա՛ծ, զազրելի՛ ախտով, իբրև մեհյանի պաշտոնակատար և ո՛չ թե զավակ՝ Տիրոջըդ՝ Աստծո՛ւն, որովհետև որ՝ հար և նո՛ւյն բանն է՝ թե՛ ծառայելը կուռքի ձուլվածքին, և թե՛ մեղքերի կործանող ախտին:

Դ
Արդ, ես գնացի ա՛յս ճանապարհով՝ հետքո՛վ կորստի, հետքո՛վ խավարի, և այն ցանկալի բաժինը, որ ինձ տվեցիր, ո՛վ Տէր, դարձրեցի ես անկո՛խ անապատ, ըստ մարգարեի խոսքի համաձայն, որ Իսրայելի քահանաների հանցավորության մասին էր հայտնում: Ես, որ տմա՛րդ եմ, ինչպե՞ս համարեմ ինձ մարդկանց շարքում գրվելիք անուն, ինչպե՞ս անվանեմ ինքս ինձ բանակա՛ն՝ անբանների մեջ, երբ հիմարությանն եմ այսչա՛փ կցորդված, և ինչպե՞ս կոչեմ ինքս ինձ տեսանող, երբ Լույսն իմ ներսի՝ ի՛նքս եմ դառնապես խավարեցրել, ինչո՞ւ համբավվեմ իբր զգայական, երբ իմաստության դռները ի՛նքս եմ իմ դեմ պինդ փակել, կամ ինչո՞վ եմ ես անեղծ շնորհի տպավորություն գործում ձեզ վրա, երբ ի՛նքս իմ կողմից, ի՛մ հարվածներով հոգի եմ մեռյա՛լ: Նաև չե՛մ կարող և ո՛չ շարժվող և ո՛չ շնչավոր ինքս ինձ անվանել՝ ո՛չ հոգևորում, ո՛չ իմաստության բնագավառում:

Ե
Անոթների մեջ՝ անո՛թս անպիտան, և անա՛րգ քարս՝ որմնաքարերի շքախմբի մեջ, և կարգ ստացած արժանիների մեջ՝ արհամարհվա՛ծ, հրավիրածդ ազգերի շարքում՝ վատթա՛րս ամենա, արորով՝ մահվան հողի մեջ դրված, և ո՛չ մի կողմից քաջալերանքի խոսք չէի լսում՝ ցավ տանջանքներով Երուսաղեմի, ինչպես այդ մասին իր խրատի մեջ խոսեց Երեմիան: Իմ հեծությունից կյանքիս օրերի թի՛վը պակասեց, և տարիներս անցան՝ շարունակ հառաչանքներով, որի մասին որ՝ սաղմոս Երգողն է նվագով ասել: Ինչպես ասվին է ցեցից քայքայվում և փայտը՝ որդից, ըստ իմաստունի ասած խոսքերի՝ սրտիս խիթերից իմ սիրտը հալվե՛ց: Ինչպես սարդոստայնն՝ այդպե՛ս մաշվեցի, խոտա՛ն գտա ինձ՝ ըստ սաղմոսողի խոսքի պատկերի, և ինչպես ա՛մպը առավոտ կանուխ, ցո՛ղը վաղորդյան՝ ցնդեցի՛ իսպառ ու սպառվեցի՛, բան, որի մասին մարգարեության ձա՛յնն էր նախազդել:

Զ 
Նմա՛ն եղա ես մի մարդու, որը իր մեջ հո՛ւյս չունի, եթե անիծված եմ տեսանողից՝ խոսք դատաստանով, անհուսադրելի վհատվո՛ւմ եմ ես, սակայն ես Քե՛զ եմ հուսադրել, Տե՜ր, մարդասե՜ր Աստված, որ Քո գթության անսահման բարի սիրով նայեցիր և խաչիդ վրա բևեռված ժամին, Արարչի առջև՝ մեծ ողորմությունդ արտահայտեցիր չարչարողներիդ: Արդ, շնորհի՛ր ինձ Լույսըդ քավության, և կյա՛նք ընձեռիր, եղիր ապավե՛ն, և թշվառ շնչիս առի՛թ տուր լցվել Քո Բարի Հոգով: Եվ Քեզ հետ Հորը, Հոգո՛ւն Սրբության՝ անվերջ զորություն, հաղթություն և փա՛ռք, հավիտյա՜նս: Ամէ՛ն:

Գրաբարից փոխադրությունը` Մաքսիմ Ոսկանյանի

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ