28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Միչիգանի կոնգրեսական Դեն Քիլդին միանում է հայկական հարցերով հանձնախմբին

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) սիրով ողջունում է կոնգրեսական Դեն Քիլդիի (դեմոկրատ, Միչիգան) միացումը Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբին: Անցյալ ամիս Համագումարի պատվիրակությունը հանդիպել էր կոնգրեսական Քիլդիի հետ և Միչիգանի 5-րդ կոնգրեսական տեղամասում բնակվող ամերիկահայ ընտրողներին մտահոգող հարցեր քննարկել: Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունուն, Միչիգանում մեծացած՝ Համագումարի Արևմտյան տարածաշրջանի տնօրեն Միհրան Թումաջանին և Ամերիկայի հայկական համագումարի զարգացման և քարոզչական հարցերով պատասխանատու Մարիամ Խալոյանին էին միացել Համագումարի Միչիգանի նահանգի տնօրեն Ջոն Ջեմյանը, Մեծ Դեթրոյթի Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցու քահանա վերապատվելի տեր Արեն Ջեբեջյանը և ամերիկահայ համայնքի անդամներ:

Կոնգրեսական Դեն Քիլդին նաև Մերձավոր Արևելքում կրոնական ազատության նվիրյալ աջակից է: 114-րդ գումարման Կոնգրեսում նա համահովանավորել էր Ներկայացուցիչների պալատի 279-րդ բանաձևը, որը կոչ էր անում «հարգել Թուրքիայում խոսքի ազատությունն ու մարդու իրավունքները», ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի 75-րդ կից բանաձևը, որը «ԻԼԻՊ-ի կողմից Իրաքում և Սիրիայում կրոնական և էթնիկ փոքրամասնությունների դեմ իրականացրած վայրագությունները» բնութագրում էր որպես «պատերազմական հանցագործություններ, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ և ցեղասպանություն»:

«Միչիգանում ամերիկահայերի անունից շնորհակալություն ենք հայտնում կոնգրեսական Դեն Քիլդիին՝ ԱՄՆ-Հայաստան հարաբերություններին նրա նվիրման և աջակցության համար, ինչպես նաև մեր բովանդակալից հանդիպումից հետո Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբին միանալու համար», – հայտարաել է տեր Ջեբեջյանը:

Միչիգանյան քարոզչական աշխատանքների շրջանակներում Համագումարի ղեկավարած պատվիրակությունը, որի կազմում էին ԱՄՆ Կոնգրեսական 8-րդ տեղամասի ընտրողներ, կոնգրեսական Մայք Բիշոփին (հանրապետական, Միչիգան) էր այցելել Բրայթոնում գտնվող նրա տեղամասային գրասենյակում: Տեղացի աջակիցներն իրենց երախտագիտությունն են հայտնել կոնգրեսականին՝ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի անդամ դառնալու և Ներկայացուցիչների պալատի 220-րդ բանաձևը համահովանավորելու համար, որը «Ներկայացուցիչների պալատի կամարտահայտություն է այն մասին, որ Միացյալ Նահանգները, փորձելով կանխել պատերազմական հանցագործությունները, մարդկության դեմ հանցագործությունները և Մերձավոր Արևելքում կրոնական և էթնիկ խմբերի դեմ ցեղասպանությունը, պետք է հաշվի առնի ԱՄՆ կառավարության, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև Հայոց ցեղասպանության և Սեյֆոյի վերաբերյալ մարդասիրական արձագանքի ու Օսմանյան կայսրության առավել ծավալուն ցեղասպան արշավի համապատասխան դասերը»:

Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել կոնգրեսական Բիշոփին, քանզի նա այն 36 կոնգրեսականներից մեկն էր, ովքեր ստորագրել էին ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին հղված երկկուսակցական նամակը, որով դեմ էին արտահայտվում Թուրքիային զենքի վաճառքին՝ հաշվի առնելով խաղաղ ցուցարարների դեմ Թուրքիայի անվտանգության ծառայախմբի դաժան հարձակումներն ԱՄՆ մայրաքաղաքում: Նամակն առաջնորդում էր Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ և Միչիգանի գործընկեր կոնգրեսական Դեյվիդ Տրոթը (հանրապետական, Միչիգան): Նամակով Պետքարտուղարությանը կոչ էր արվում մերժել Թուրքիայի Հանրապետության Նախագահի անվտանգության վարչություն զենքի ներմուծմամբ լիազորված, Թուրքիայի կառավարության կողմից վերահսկվող կառույցին կիսաավտոմատ ատրճանակների և զինամթերքի առաջարկված վաճառքը:

«Խորին երախտագիտություն ենք հայտնում կոնգրեսական Բիշոփին կայուն աջակցության համար, այդ թվում` Միչիգանի Ներկայացուցիչների պալատում և Միչիգանի Սենատում պաշտոնավարման ժամանակ», – նշել է Համագումարի նահանգային տնօրեն Ջոն Ջեմյանը: «Լիահույս ենք աշխատել նրա և ամբողջ Միչիգանի պատվիրակության հետ` պայքարելու Կոնգրեսում հայամետ օրենսդրության համար», – նա հավելել է:

Նույն ամսին Ջեմյանը գլխավորել է մեկ այլ խումբ, որը հանդիպել է Հայկական հարցերով հանձնախմբի անդամ, կոնգրեսական Բրենդա Լոուրենսին (դեմոկրատ, Միչիգան), ով համահովանավորել էր Ներկայացուցիչների պալատի 220-րդ բանաձևը և ստորագրել նախագահ Դոնալդ Թրամփին հղված երկկուսակցական նամակը` կոչ անելով նրան հաստատել Հայոց ցեղասպանությունը: Նամակում մասնակիորեն ասվում էր. «Հանուն զոհերի հիշատակության և ցեղասպանության կանխարգելման մեր հանձնառության կրկնապատկման՝ խնդրում ենք Ձեզ պատշաճ կերպով հիշատակել ապրիլի 24-ը որպես Հայող ցեղասպանության ամերիկյան հիշատակման օր»:

Համագումարի աշխատակազմը նվիրաբար շարունակում է կապ հաստատել Միչիգանից Կոնգրեսի անդամների հետ վաշինգտոնյան իր կենտրոնակայանից: Սեպտեմբերի 5-ին Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին և Զարգացման և քարոզչական հարցերով պատասխանատու Մարիամ Խալոյանը շնորհակալություն են հայտնել Ջոն Մուլենարին (հանրապետական, Միչիգան)՝ Հայկական հարցերով հանձնախմբին միանալու և Ներկայացուցիչների պալատի 220-րդ բանաձևը Միչիգանի իր գործընկերների հետ միասին համահովանավորելու համար:

Համագումարը շարունակել է կապեր հաստատել Միչիգանում տեր Ջեբեջյանի և տեղացի ակտիվիստների հետ համայնքային հանդիպմամբ Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցում: Մասնակիցները քննարկել են քարոզչության ու քաղաքական ներգրավվածության կարևոր դերն ամերիկահայերի համար և կարևորել ամբողջ Միչիգանով մեկ բոլոր մակարդակներում պետական ծառայողների ներգրավման և ուսուցման երկարաժամկետ կարևորությունը:  

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ