29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սա ստորություն է. ապրիլյան պատերազմի հերոսի ընտանիքին տված գումարը հետ են վերցրել

Կապիտան Հովսեփ Կիրակոսյանը մեկ վայրկյան անգամ չմտածեց ու երկու փոքրիկներին մեծացնելու պարտավորությունը կնոջ ուսերին թողնելով գնաց իր զինվորների կողքին լինելու:

Կնոջը պատգամեց.«Մարիա’մ, դու ուժեղ ես, մի բան կանես. դու կարող ես…»:

Գնաց ու դարձավ հանուն հայրենիքի  կյանքը տված  հերոսներից մեկը, գնաց, որովհետև չէր կարող չգնալ: Իր զավակները պետք է մեծանան իմանալով, որ հայրը հայ էր, հրամանատար, անձնազոհ ու խոսքին տեր տղամարդ:

Ծանր փորձությունների միջով անցած Մարիամը կարողացավ երեխաներին փրկել ու Հայաստան հասցնել: Մինչև հիմա էլ պահում է ամուսնու պատգամը` ուժեղ է:

Սակայն օրերս նրանց ընտանիքի արյունը ևս մեկ անգամ պղտորվեց: Այս անգամ կատարվածի հեղինակը թուրք կամ ազերի չէր: Մոր կողմից հայուհի Հելենա Մյուլեռը Հովսեփի զոհվելուց հետո նախաձեռնել և ԱՄՆ Ֆիլադելֆիա նահանգում դրամահավաքի արդյունքում հերոսի ընտանիքին է փոխանցել 1 200 դոլար:

Մեկ տարի անց Հելենան Հովսեփի ծնողներից հետ է պահանջել գումարը: Իրենց հերոս որդու անունը ու պատիվը ամենից թանկ գնահատող ծնողները վերադարձրել են այդ գումարը:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Հովսեփ Կիրակոսյանի հարազատներից մեկը նշեց. 

«Ընտանիքը այդ գումարի կարիքը չուներ: Այս պահին նրանք սարսափելի ծանր ապրումների մեջ են ու հարցը բարոյական հարթության վրա է: Գումարը վերադարձրել են Հելենային, բայց սա խայտառակություն է: Փաստորեն Հովսեփի անունից գումար են հավաքել ու հերոսի հաշվին ինչ-որ մեկը հարստանում է: Ընտանիքը ցանկանում է, որ գումարը տրամադրած մարդիկ իմանան` կապիտան Հովսեփ Կիրակոսյանի անվամբ ոչ մեկ չի կարող բիզնես անել: Սա ստորություն է…»:

 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն Արցախա-Ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակումներ են կատարում։ Կապիտան Կիրակոսյանն այդ ժամանակ բնակվում էր ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում իր կնոջ և զավակների հետ: Հովսեփի կինը` Մարիամը, պատմել է, որ գիշերվա ժամը 3-ին արթնացել էր պատուհանի թակոցից: Հովսեփին արթնացրել է, ու պարզվեց` պիտի արագ գյուղից երեխեքին դուրս բերեին: «Ասացի՝ «Հովսե՛փ, օգնի, չեմ կարողանում կողմնորոշվել, չգիտեմ՝ էս անորոշության մեջից ո՞նց դուրս գամ», ասեց՝ «Չէ, Մա՛ր, կներես. չեմ կարող: 25 զինվոր ունեմ, պիտի նրանց կողքին լինեմ: Որ նրանց մի բան պատահի, ծնողների աչքերին ո՞նց նայեմ»: Ես լաց էի լինում, չգիտեի՝ ի՞նչ ու ո՞նց անել, ո՞ւր փախչել: Ասեց՝ «Մարիա՛մ, դու ուժեղ ես, մի բան կանես. դու կարող ես» ու գնաց…»:

Մարիամին իրենց երկու տղաների հետ միասին, Մատաղիսի տանից հաջողվեց փախչել:

«Ստեփանակերտ հասնելուց հետո զանգեցի Հովսեփին՝ ցերեկը 12:27 էր: Միայն մի բան ասեց՝ «Մարիա՛մ, կգամ ձեր հետևից». դրանից հետո էլ Հովսեփի հետ չկարողացա խոսել. անհասանելի է…»:

Կապիտան Հովսեփ Կիրակոսյանն առաջին զոհերից էր: Գնդակների տարափին իր զինվորներին նա թողել է խրամատներում և անձամբ նետվել մարտի դաշտ: Ծանր վիրավորված կապիտանը 30 մետր վազելով առաջ է գնացել և նռնակով պայթեցրել թշնամու զինվորներին։ Նրա ծառայակիցներից մեկը տեսել է, թե ինչպես է աչքերն ու ականջները արյան մեջ կորած կապիտանն առաջ ընթանում, որ և հակառակորդին մոտ չթողնի, և ինքը գերի չընկնի։ Զինվորները նրան խրամատ են տարել, բայց, ինտենսիվ կրակոցների պատճառով, չեն կարողացել դուրս բերել տարածքից, իսկ Կիրակոսյանը հրամայել է՝ «Տղե՛րք, ես լավ եմ: Դուք կռվե՛ք»: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ