Անձնական տվյալներ՝ հրապարակե՞լ, թե՞ ոչ
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքից 2016թ-ի դեկտեմբերին ՀՀ Ազգային Ժողովում մեկ օրում 1-ին հոդվածի երրորդ կետի «անաղմուկ» հեռացումը, ըստ որի անձնական տվյալներ հավաքելու եւ մշակելու արգելքը չի տարածվում միայն լրատվամիջոցների եւ գրական-գեղարվեստական ստեղծագործությունների վրա, կատարվել է միտումնավոր։ Այս մասին «Հոդված 3» ակումբում հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
Շատերն այս փոփոխության մասին տեղեկացան վերջերս «A1+» առցանց լրատվամիջոցի պատրաստած ռեպորտաժից, քանի որ այս խնդիրը մինչ այդ գրեթե չէր լուսաբանվել:
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Գեւորգ Հայրապետյանը նշում է, որ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած է ճանաչվել այլ օրենքների փաթեթի շրջանակում: Նրա խոսքով, նման որոշումը ուներ հետևյալ պաշտոնական հիմնավորումը. «Մամուլին վերաբերող կարգավորումներն արդեն իսկ առկա են ԶԼՄ-ների մասին օրենքում»: «Հետևաբար՝ հնարավոր տարընթերցումներից խուսափելու նպատակով առաջարկվել է խնդրո առարկա նորմի ուժը կորցրած ճանաչել», – նշեց նա՝ հավելելով, որ կառավարության նախաձեռնած փոփոխությունների տարբերակում օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի հեռացում նախատեսված չէր։
Պարզվում է այդ փոփոխությունն իրականացվել օրենսդրական փաթեթի Ազգային ժողովում ընթերցումների ժամանակ: «Օրենքի փոփոխության այդ մասը ներառվել փաթեթ այն ժամանակ, երբ այն արդեն Ազգային ժողովում էր 1-2 ընթերցման ռեժիմով: Ուստի, այն չի ներկայացվել Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն», – պարզաբանեց նա՝ հավելելով, որ տվյալ փոփոխությունը չպետք է շատ մտահոգի լրատվամիջոցներին, քանի որ անձնական տվյալների հրապարակման մասին կարգավորումը հստակ ամրագրված է ԶԼՄ-ների մասին օրենքում և այն չի փոխվել:
««Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը բլանկետային է: Այն կխախտվի միայն այն պարագայում, երբ խախտվեն այլ օրենքներ», – ասաց Հայրապետյանը:
«Հոդված 3» ակումբում Գևորգ Հայրապետյանի, Աշոտ Մելիքյանի ու «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լիանա Դոյդոյանի մասնակցությամբ սեպտեմբերի 8-ին տեղի ունեցավ «Անձնական տվյալների պաշտպանություն, թե՞ տեղեկատավության ազատության սահմանափակում» թեմայով հանրային քննարկում:
Ի տարբերություն Գևորգ Հայրապետյանի՝ մյուս երկու բանախոսները կարծում են, որ այս փոփոխությունը կարող է հեռուն գնացող բացասական հետևանքներ ունենալ հատկապես հետաքննական լրագրության համար, որը Հայաստանում առանց այն էլ բախվում է բազմաթիվ խնդիրների: Նրանց խոսքով, նոր փոփոխությամբ հանրային գործիչների և պետական պաշտոնյաների անձնական տվյալների պաշտպանվածության ավելի նեղ շրջանակ պետք է գործի, ինչը կաշկանդելու է հետաքննող լրագրողների գործունեությունը, որոշ դեպքերում էլ կարող է դառնալ ճնշման և լռեցնելու միջոց:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լիանա Դոյդոյանն նկատեց, որ ժամանակին «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագիծը մշակվելիս հանրային լուրջ քննարկում է եղել, լուրջ փաստարկներով հիմնավորվել է օրենքի առաջին հոդվածի երրորդ մասի անհրաժեշտությունը: «Այս առաջարկությունն ու պնդումը եկել էր քաղհասարակությունից, լրագրողներից, մասնագիտական համայնքից», – ասաց նա՝ մտահոգություն հայտնելով, որ այս փոփոխությունն արվել է «անաղմուկ, մեկ օրում ու միտումնավոր»: «Սա անընդունելի աշխատաոճ է», – հավելեց Դոյդոյանը:
Նա վստահ է, որ տվյալ դրույթի օրենքից հեռացումը, հաշվի առնելով ՀՀ-ում իրավակիրառ պրակտիկան, կարող է լրատվամիջոցների վրա ճնշման գործիք դառնալ: «Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը որևէ մեկի դիմումի հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ այժմ կարող է մտնել լրատվամիջոց ու ստուգել, թէ ինչպես են հավաքվում ու պահվում այդ անձնական տվյալները: Մեզ հիմա կարող են վստահեցնել գործակալության ներկայացուցիչները, որ նման բան չեն անի, սակայն այս փոփոխությամբ հարթվել է ԶԼՄ-ների վրա ճնշման ճանապահը: Եթե լինի գործակալության նոր ղեկավարություն, շատ հնարավոր է, որ այս փոփոխությունը սկսի կիրառվել ընդդեմ ԶԼՄ-ների», – ասաց նա:
Օրենսդրական փոփոխության նախաձեռնողները, սակայն նշում են, որ այս կերպ փորձում են միայն պաշտպանել պաշտոնյաների անձնական տվյալները, քանի որ դրանք անգամ գումարի դիմաց կարող են «հավաքվել ու հետո օգտագործվել ամենատարբեր նպատակներով»:
Նշենք, որ օրենսդրական ասահմանափակումը կարող է տարածվել այնպիսի տեղեկատվության վրա, ինչպիսին էր օրինակ 2014թ-ի փետրվարին տարածված լուրն առ այն, որ ցողունային բջիջների պատվաստման համար Հարավային Կորեայում բուժման կուրս է անցել ՀՀ նախագահ Սերժ Սերժ Սարգսյանը: Այդ իրադարձությունից երեք տարի անց՝ 2017թ-ի հունվարի 1-ից հայկական լրատվամիջոցները ստիպված են պատասխան տալ անձնական տվյալներ ենթադրող նմանատիպ հրապարակումների համար:
Թեպետ աշխարհում առանց իշխանությանը քննադատող լրագրություն դժվար է պատկերացնել, սակայն ՀՀ իշխանությունը քննադատող և կոռուպցիոն սկանդալների մասին բարձարաձայնող լրատվամիջոցներից կպաշտպանվի հերթական օրենսդրական փոփոխության օգնությամբ:
Աշոտը Մելիքյանը եւս շեշտը դնում է այն հանգամանքի վրա, որ այս փոփոխությունը կատարվել է գրեթե գաղտնիության պայմաններում՝ առանց մամուլի, լրագրողական կազմակերպությունների ու ոլորտային ՀԿ-ների ներկայացուցիչների հետ պատշաճ քննարկումների: «Սա միտումնավոր է արվել: Սա շատ վատ միտում է. այս պրակտիկային պետք է վերջ տրվի, քաղաքակիրթ համագործակցություն լինի», – ասաց բանախոսը:
Քննադատելով տվյալ փոփոխությունը՝ նա առաջարկեց լրագրողական կազմակերպություններին, զանգվածային լրատվամիջոցներին և Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը միասին գործընթաց նախաձեռնել՝ օրենքում տվյալ դրույթի վերականգնման ուղղությամբ:
«Այս կերպ, կարծում եմ, շատ կարևոր հարց կլուծվի: Բարձրաստիճան պաշտոնյաները կամ հանրային գործիչները, որոնք ամեն կերպ ցանկանում են լինել ստվերում ու չերեւալ ԶԼՄ-ներում, փորձում են թաքցնել իրենց մութ գործերը, չեն օգտագործի այդ հանգամանքը՝ նշելով, որ լրագրողներն իրենց անձնական տվյալների հետ գործ չունեն»,- պարզաբանեց իր առաջարկի կարևորությունը Աշոտ Մելիքյանը: