Մանիպուլյացիա. Ժամանակ
Առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսության մեջ արված ներդրումները չեն գերազանցում ծիծաղելի 40 միլիոն դոլարը, և նույնիսկ ամենավառ երևակայություն ունեցող մարդը չի կարող հավատալ, որ մինչև տարեվերջ Կարեն Կարապետյանը կարող է ապահովել խոստացած 830-850 միլիոն դոլարի ներդրումը: Ասում են՝ նույնիսկ վարչապետի հովանավոր Սամվել Կարապետյանն է լվացել ձեռքերն ու այլևս չի հավատում Կարեն Կարապետյանի սինգապուրյան հրաշքին: Համենայնդեպս, մամուլը գրեց այդ մասին, ու կառավարությունից չկա ոչ մի արձագանք:
Եթե իրական ներդրումները չկան, դրանք կարելի է «նկարել»: Կարեն Կարապետյանը այդպես է որոշել իրականություն դարձնել սեփական խոստումը, որպեսզի 850-միլիոնանոց փաթեթով մասնակցի վարչապետի պաշտոնի համար հայտարարված աճուրդին: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել կառավարության տարածած արտառոց, սկանդալային պարզաբանումը, որտեղ, մասնավորապես, կարդում ենք. «Դրանց (850 միլիոնի) մեջ ներառված են տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող պետական, այդ թվում՝վարկային կամ դրամաշնորհային միջոցներով իրականացվող, պետություն-մասնավոր հատված համագործակցության ներդրումային ծրագրերը»:
Նման բացահայտ մանիպուլյացիայի, ակնհայտ կեղծիքի չի դիմել Հայաստանի ոչ մի կառավարություն՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի քաղաքական պատկանելություն, մասնագիտական կամ բարոյական որակ է ունեցել վարչապետը:
Կառավարությունը, փաստորեն, ասում է, որ վարչապետի ասած 830-850 միլիոնի ներդրումը ներառում է պետբյուջեի ծախսերը: Նման արտառոց պարզաբանում, այս կարգի ցինիզմ հնարավոր չէ գտնել անգամ աֆրիկյան կամ ասիական հետամնաց երկրներում:
Ստացվում է, որ կառավարությունը մեր տված հարկերի հաշվին ինչ-որ գործառույթներ է իրականացնում, ասենք՝ ճանապարհ կամ դպրոց է վերանորոգում ու դա ձեւակերպում է որպես ներդրում։ Այս նույն տրամաբանությամբ ներդրում կարելի է համարել փակված դպրոցների ու կրճատված ուսուցիչների կամ մեր առողջության հաշվին խնայված պետական միջոցները։
Կարեն Կարապետյանն ակնհայտ հովանավորչություն է անում, Երբ իր մերձավոր ընկերոջ ու առանցքային պաշտոնյայի բիզնեսն ազատում է հարկերից, բայց երեւի դա ոչ թե շահերի բախում է, այլ ընդամենը ներդրումային ծրագիր։ Մտերիմների համար ԱԱձ-ից ազատումը նույնպես ոչ թե պետական միջոցների մսխում է, այլներդրում։
Կարեն Կարապետյանի եւ Թուրքմենստանի նախագահի՝ վերջերս կայացած հանդիպումը պաշտոնական լրահոսն այնպես ներկայացրեց, ասես երկրին սպասվում են դարի գործարքներ։ Մինչ– դեռ հարկատուներիս հաշվին ռոճիկ ստացող եւ իր բարձրաստիճան հյուրին պետական փողերով ճոխ հյուրասիրող Կարապետյանը, պաշտոնեական դիրքը չարաշահելով, զբաղված էր սեփական բիզնեսի բարգավաճմամբ. խոսքը Թուրքմենստանում գազալցակայաններ բացելու Կարապետյանի մասնավոր նախաձեռնության մասին է։ Սա էլ երեւի արտահանման խրախուսում է։
Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: