Հիսուսը բռնեց նրա ձեռքից, վեր բարձրացրեց
Երբ նրանք մյուս աշակերտների մոտ եկան, տեսան, որ մի մեծ բազմություն է հավաքվել նրանց շուրջը, և Օրենքի ուսուցիչները վիճում են նրանց հետ։ Ամբողջ ժողովուրդը, հազիվ նրան տեսած, զարմացավ և վազեց նրա մոտ՝ ողջունելու նրան։ Հիսուսը հարցրեց իր աշակերտներին.
-Ինչի՞ մասին էիք վիճում նրանց հետ։
Ժողովրդի միջից մեկն ասաց Հիսուսին.
-Վարդապե՛տ, քեզ մոտ եմ բերել որդուս, որը մի չար ոգու պատճառով համր է դարձել։ Չար ոգին, ուր որ պատահի, գետին է զարկում նրան, որդուս բերանը փրփրում է, նա կրճտացնում է ատամները և ապա պրկվում։ Աշակերտներիդ ասացի, որ հանեն չար ոգին, բայց չկարողացան։
Հիսուսը նրանց պատասխանեց.
-Ո՛վ անհավատ սերունդ, մինչև ե՞րբ պիտի լինեմ ձեզ հետ, մինչև ե՞րբ պիտի հանդուրժեմ ձեզ. այստե՛ղ բերեք նրան.
Եվ նրան բերեցին։ Չար ոգին, հազիվ Հիսուսին տեսած, ցնցեց տղային, որը գետին ընկավ և սկսեց թավալվել՝ բերանը փրփուրով լցված։ Հիսուսը հարցրեց նրա հորը. -Երբվանի՞ց է այս բանը պատահում նրան։
-Մանկությունից,- պատասխանեց հայրը։- Չար ոգին շատ անգամ նրան կրակի և ջրի մեջ է նետում, որ սպանի։ Արդ, եթե կարող ես մի բան անել, Տե՛ր, խղճա՛ և օգնի՛ր մեզ։
Հիսուսն ասաց.
-Դու ասացիր՝ «Եթե կարող ես»։ Ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով հավատում է։
Տղայի հայրն անմիջապես գոչեց.
-Հավատում եմ. օգնի՛ր, որ հավատս զորանա։
Եվ Հիսուսը տեսավ, որ ժողովուրդը չորս կողմից իրար վրա է հավաքվում, սաստեց չար ոգուն՝ ասելով.
-Հա՛մր և խո՛ւլ ոգի, հրամայում եմ, որ դուրս ելնես տղայի միջից և մեկ էլ չմտնես նրա մեջ։
Չար ոգին աղաղակելով գետին զարկեց տղային և դուրս ելավ նրանից։ Տղան մեռելի պես եղավ, այնպես որ շատերն ասացին, թե մեռավ։ Հիսուսը բռնեց նրա ձեռքից, վեր բարձրացրեց նրան, և տղան ոտքի կանգնեց։
Երբ Հիսուսը տուն մտավ, աշակերտներն առանձին հարցրին նրան.
-Մենք ինչո՞ւ չկարողացանք հանել չար ոգին։
Հիսուսը պատասխանեց.
-Այդ տեսակ չար ոգին միայն աղոթքով և ծոմապահությամբ կարելի է դուրս հանել։
(Մարկոսի ավետարան 9:14-29)
Ճիշտ է, ապրում ենք աշխարհի մեջ, բայց աշխարհային նկատառումներից մղված չէ, որ պատերազմում ենք: Պատերազմի մեր զենքերը աշխարհային չեն, այլ Աստծու զորավոր զենքերն են՝ ամրոցները խորտակելու համար: Եվ մենք խորտակում ենք Աստծու գիտության դեմ բարձրացած առարկությունների բոլոր գոռոզ պատնեշները և գերելով բոլոր մտքերը՝ բերում ենք Քրիստոսի հնազանդությանը:
Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 10:3-5