Աստծո զորավոր աջը գործում է
-Ձեր ներքին զգացողությունն ի՞նչ է ասել. ղարաբաղյան պատերազմի ժամանակ Աստծո օրհնությունը եղե՞լ է մեզ վրա։
-Ոչ միայն օրհնությունն է եղել։ Այս տարիների ընթացքին ուղղակի տեսնում ենք, թե ինչպես Աստծո զորավոր աջը մեր կողքին գործում է մեզ հետ։ Մեզ ոգեւորում է ու զորացնում։
-Եվ՝ նկատելի՞ …
¬Իհարկե։ Բազում օրինակներով դա կարող եմ ասել։ Դրա մասին կարող են վկայել շատ զինվորներ, որոնք պատերազմի դաշտում հրաշքները տեսնելով, գալիս ու մկրտվում էին…
-Դարերի ընթացքում մեր ժողովուրդը դժվարությամբ, մազե կամրջի վրա քայլելով հասել է մեր օրերը, չի՛ վերացել պատմական թատերաբեմից։ Թվում է՝ նախախնամություն կա այս ամենում։ Ի՞նչ եք կարծում՝ Բարձրյալի կողմից ի՞նչ առաքելություն է հատկացված նրան։
– Ամեն մի ազգ ունի իր առաքելությունը, եւ ամեն մի անհատ ունի իր առաքելությունը։ Իսկ ինչպե՞ս հասկանալ առաքելության էությունը։ Դրա համար պետք է բացատրենք նախ եւ առաջ անունը։ Մենք հայ ենք, այսինքն՝ գալիս ենք Հայկ Նահապետից։ Իսկ ո՞վ է Հայկ Նահապետը։ Նա է, ով մերժեց Բաբելոնի աշտարակաշինությունը՝ սատանայի ծրագիրը երկրի վրա եւ քաջաբար, իր 300 հարազատներով դուրս եկավ համաշխարհային կայսրության դեմ, որի գործակատարն էր Բելը։
Հայկը ոչ միայն մերժեց սատանայի ծրագիրը եւ մնաց հավատարիմ Աստծուն, այլեւ մարտնչեց Բելի դեմ ու հաղթեց, սպանեց նրան։ Այսինքն՝ Հայկը Աստծո մարտիկն ու Աստծո հավատարիմ զինվորն է եւ չարահաղթ է։ Նշանակում է մենք՝ հայերս, պետք է նմանվենք Հայկին՝ լինենք չարահաղթ։ Ա՛յս է մեր առաքելությունը…
Հ. Գ. Բանաստեղծուհի Գոհար Սարդարյանին՝ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի տված հարցազրույցից էր այս Հատվածը, որ վերցված է «ՀՀ» օրաթերթից։
Մաքսիմ Ոսկանյանի հանրագրից