«Սա ոչ միայն իմ հաղթանակն էր, այլև ողջ հայության»
Մեր նախորդ հրապարակումներից մեկում տեղեկացրել ենք ՝ օգոստոսի 1-ից 6-ը ՌԴ Սոչի քաղաքում անցկացվեց «У самого Чёрного моря» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մասնակցում էր շուրջ 70 մասնակից՝ աշխարհի տարբեր երկրներից: Մեր հայրենակից 13-ամյա Էդգար Միրզոյանը մասնակցել է մրցույթին՝ արդյունքում նվաճելով երկու մեդալ։
Henaran.am-ի հետ զրույցում Էդգար Միրզոյանը, անդրադառնալով իր հաղթանակին՝ նշեց․ «Սոչիում կայացած միջազգային մրցույթ-փառատոնի ընթացքում ներկայացել եմ երկու անվանակարգերում՝ դասական և ժողովրդական երգեցողություն: Դասական ոճում հանդես եմ եկել «Funiculi Funicula» և «O Sole Mio» իտալական երգերով, իսկ ժողովրդական ժանրում կատարել եմ մեծն Սայաթ-Նովայի «Յիս մե ղարիբ» ստեղծագործությունը, և «Մշու գելներ» հայտնի ստեղծագործությունը: Արդյունքում՝ երկու անվանակարգերում էլ արժանացել եմ I կարգի դիպլոմի՝ ստանալով համապատասխանաբար 2 ոսկե մեդալ»:
Էդգարը նշեց ՝ մրցույթը բավականին բարդ էր, քանի որ մրցույթում ընդգրկված էին ավելի քան 70 մասնակից։
«Սա ոչ միայն իմ հաղթանակն էր, այլև ողջ հայության, քանի որ այն միջազգային մրցութ-փառատոն էր, որտեղ առիթ եղավ ևս մեկ անգամ բարձր պահելու հայոց եռագույնը: Այս ամենում հատկապես մեծ է եղել ուսուցչիս՝ Արթուր Մնացականյանի դերը, ով ջանք ու եռանդ չի խնայել ինձ նման արդյունքի հասցնելու համար: Վերդարձել եմ հիանալի տպավորություններով: Այդ մրցույթն, իսկապես, մեծ փորձ էր ինձ համար, բարդ և պատասխանատու էր հանդես գալ օտար հանդիսատեսի և պրոֆեսիոնալ ժյուրիի առաջ, բարձր պահելով թե́ իմ, թե́ դպրոցիս, և թե́ մեր երկրի պատիվը: Արդեն ստացել եմ հրավերներ հեռուստատեսություններից, իսկ առաջիկայում ունեմ մի քանի երգեր, որոնք ձայնագրման փուլում են, և շուտով կհանձնեմ հանդիսատեսի դատին», – եզրափակեց Էդգարը։