Ինչ որ մեր կյանքում տեղի է ունենում Աստծո կամքո՞վ է
«Տե՛ր, եթե դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով քեզ մոտ գալ»։ Եվ Նա ասաց՝ արի՛։ Եվ Պետրոսը նավակից իջնելով՝ քայլեց ջրի վրայով ու եկավ Հիսուսի մոտ։ Սակայն տեսնելով ուժգին քամին՝ վախեցավ։ Եվ երբ սկսեց սուզվել, աղաղակեց ու ասաց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»:
(Մատթեոս 14:22-36)
Քրիստոս գալիս է հանդարտեցնելու փոթորիկը, իսկ մենք մեր թերահավատությամբ բորբոքում ենք այն: Հայտնի է, եթե հավատք ունենանք, սարեր կտեղափոխենք։ Բայց հարց է՝ ինչո՞ւ տեղափոխել սարն իր տեղից, եթե Արարիչը հենց այդ տեղում է որոշել, որ սարը լինի։
Պետրոսի քայլը որակում ենք հավատքի դրսևորում. ահա նա դուրս է գալիս ու քայլում ջրի վրա։ Բացի հավատքը, նրա քայլը նաև իմաստուն էր։ Խնդիրն այն է, որ այսօր աշխարհում հավատացյալի պակաս չկա, սակայն մենք շարունակ կառուցում ենք կամուրջներ և անցումներ ջրի վրա։ Այսօր չեք տեսնի, որ հավատացյալները ջրի վրայով քայլեն։
Պետրոսի իմաստությունը նրանում էր, որ ասաց. «Հրամայի՛ր ինձ ջրի վրայով քեզ մոտ գալ»։ Նա կարողացավ քայլել ջրի վրա ոչ միայն նրա համար, որ հավատում էր, այլ՝ Քրիստոս հրամայեց։ Այլ կերպ՝ ինչ որ մեր կյանքում տեղի է ունենում Աստծո կամքով է։
Մյուս կարևոր հարցն այն է, թե դեպի ուր էր գնում և ում էր նայում Պետրոսը։ Քանի նրա հայացքը և քայլերն ուղղված էին դեպի Քրիստոս, նա չէր սուզվում, բայց երբ սկսեց նայել շուրջը խորտակվեց։
Իրական հավատքը սկսվում է Քրիստոսի հետ իրական հանդիպումից, ինչին և ձգտում էր Պետրոսը, իսկ մինչ այդ հանդիպումը մենք պարզապես փնտրում ենք։ Բնական է փնտրտուքի ճանապարհին անհրաժեշտ են առաքինությունները, սակայն ինքնանպատակ, եթե չենք հանդիպում Քրիստոսին։
Տեր Եսայի քահանա Արթենյան