27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հովհաննես Գառնեցու մարգարեական տեսիլքը. վերջին դատաստան

Հովհաննես Գառնեցու տեսիլքը

Այս ամենը բարեհոգի ճգնավորը մեզ պատմեց եւ նույն տարում էլ վախճանվեց: Եվ մինչ Հռոմկլա անառիկ դղյակում էինք, մեզ ասաց.
-Երբ ես Աշորնիս ձորի իմ խցում էի, մի խորհուրդ սկսեց ինձ մտատանջել, թե ազգերից որո՞նք են ԱՍՏԾՈ կողմից ընդունելի: Եվ մինչ բազում օրեր տարակույսների մեջ էի, իմ վրա մի մեծ զարմացում իջավ: Ո´չ քնի մեջ էի եւ ո´չ արթնության, երբ տեսա այդ զարմանալի տեսիլքը: Տեսա ինձ Երուսաղեմ սուրբ քաղաքում, եւ իմ առջեւ մի հսկա հարթահատակ դաշտ էր, այնքան մեծ, որ անկարող էի ծայրից-ծայր տեսնել, եւ դաշտի մեջ զարմանալի մի բլուր կար՝ ընդարձակ գագաթով եւ մի լուսավոր, խորանարդի նմանությամբ ամպ էր իջել բլրին:

Նայում էի նշմարելու, թե ու՞մ բնակության տեղն է: Եվ այնտեղ բեմ տեսա, իսկ բեմում՝ քառակողմ մի աթոռ, որն իմ աչքերը անկարող եղան ավելի հստակ նշմարել, վայելչական այն լույսի պատճառով, որը բովանդակել եւ կամ նկարագրությունն անել անկարող եմ եւ լռության եմ թողնում: Եվ մինչ հիացած ու զարմացած էի տեսիլքի իրողությամբ, երկինքը լուսավորվեց եւ օդը լցվեց լիառատ լույսով եւ թեւավոր հրեշտակների անթիվ բազմություններ հրաշալի մի նվագի եղանակով աղաղակում էին ու ասում. «Սու՜րբ, սու՜րբ, սու՜րբ, Տէր բոլոր զորությունների» եւ ես ապշահար էի այդ մեղեդիների քաղցրությունից: Եվ այդժամ երեսիս վրա կիսակենդան գետին ընկա եւ կենդանություն չմնաց իմ մեջ: Իսկ բարետեսիլ այրերից մեկը եկավ, կարդաց իմ անունը, կենդանացրեց ինձ եւ ասաց.

«Զորացի՛ր և լավ հիշի՛ր ինչ որ տեսնում ես, որովհետեւ քեզ համար է այս տեսիլքը»: Եվ ես ասացի. «Ո՜վ Տէր սիրտս իմ փորի մեջ դողդողում է ու նայել չեմ կարող, ինձ խելամուտ դարձրու, որովհետեւ ես մի այր եմ տառապյալ եւ հիացմունքից շփոթված»: Եվ ասաց ինձ. «Տիրոջից քեզ ցույց է տրվում, թե ինչպիսին է լինելու դատաստանը հանդերձյալ կյանքում: Եվ ահա Աստվածությունը Սուրբ Երրորդությամբ նստել է Իր Փառքի աթոռին եւ հատուցում է անում արդարներին ու մեղավորներին եւ բոլոր սրբերը Նրա մոտ են հավաքվում, որ այժմ տեսնում ես»: Եվ ընկնելով Աստծո Սուրբ Աթոռի առաջ՝ երկրպագեցի եւ աչքերս ի զորու չէին ավելին տեսնել քան ճաճանչները լույսի:

Եվ հանկարծակի հնչյունը լսվեց ահավոր փողի եւ ողջ երկիրն ու ծովը դողացին աշխարհիս չորս դին եւ տեսա, որ ամպեր են գալիս արեւելքից եւ արեւմուտքից, հյուսիսից, եւ հարավային ծովից: Եվ բոլոր սրբերը գունդ առ գունդ եկան ու բանակեցին այն հարթահատակ դաշտում: Տեսնում էի բլուր զարմանալի, իսկ ներքևում՝ վարագույրի առաջ սուրբ աթոռն էր մեր Տէր Աստծո Մոր, որ բազկատարած աղաչում էր: Եվ դրեցին աթոռները տասներկու առաքյալների եւ փառքով զարդարվածները նստեցին դատաստան անելու: Եվ տեսնում էի արեգակնային թագագլուխ սրբերի խմբերը՝ առաքյալների եւ մարգարեների, հայրապետների եւ մարտիրոսների եւ ամենքը մեծ ձայնով ու միաբերան փառավորեցին Աստծուն եւ ասացին. «Ահա ժամանակն է այցելության, բարի մշակների վարձերը բաժանելու»: Եվ ես ջանում էի ամփոփել ամբողջ տեսարանը իմ զգայարաններով, բայց անկարող եղա, որովհետեւ դա վեր է այն ամենից, ինչին մարդու միտքն է հասու: Սակայն այն ամենը, որ փափագել էի տեսնել, Բարձրյալն ինձ ցույց տվեց:

Տեսա մեր կյանքի առիթ Լուսավորիչ սուրբ Գրիգորին, լուսեղեն, հրաշազարման թագը գլխին՝ գալիս էր եւ մինչ կմտներ հավաքվածների հանդեսի մեջ, նրան երանի էին տալիս հրեշտակները եւ երկնային զորքերը, իսկ անդրանիկների եկեղեցիները փառավորում էին նրան ու ասում. «Ե՛կ, ո՜վ մարմնի մեջ անմարմին, որ նորօրյա ժուժկալությամբ հաղթեցի՛ր ամենայն կարիքները եւ գերագույն գտնվեցիր բոլոր սրբերի մեջ, մտի՛ր առագաստը կյանքի եւ ժառանգի՛ր փառքերը զանազան, որոնք քեզ համար ինքդ հյուսեցիր»: Եվ նրա աթոռը դրեցին գերապատիվ առաքյալների կողքին: Եվ Լուսավորիչն իր հետ ուներ անթվարկելի, լուսավոր մի գունդ:

Սուրբը մոտենալով Աստվածության աթոռին, զվարթ ու համարձակ այսպես խոսեց. «Տէ՛ր իմ եւ Աստվա՛ծ իմ, ահա ես ու իմ մանուկները, որ ինձ տվեցիր, եւ սրանցից ո՛չ մեկին չկորցրեցի, բացի նրանցից, ովքեր խոտորվեցին իմ խրատներից եւ մնացին կորստի մեջ: Ների՛ր Տէր, քավի՛ր Տէր, որովհետև փրկելն ու կորստի մատնելը Քո ձեռքերում են»: Եվ այդ ժամանակ նրան ուղղված ահավոր թնդյունի ու որոտման նման մի ձայն քաղցրությամբ ասաց. «Ե՛կ, աշխատանքից հոգնած եւ քրտնած Իմ մշակ, ե՛կ, Իմ Աստվածության բարի վկա, ե՛կ, բազմավիշտ նահատակ,քանզի Ես եմ մաքրում ամեն տեսակ քրտինքները բոլոր երեսների եւ պիտի բոլոր Ինձ համար աշխատողներին Ինքս հանգստություն տամ, որովհետև վշտերի ժամանակն արդեն անցել է եւ ունեիր ու քեզ պիտի մնա պսակն արդարության, որովհետեւ ուր Ես եմ՝ այնտեղ Իմ պաշտոնյան պիտի լինի»: Եվ տեսնում էի, թե ինչպես աջ ձեռքով ուղղորդեց սուրբ Գրիգորին եւ նստեցրեց նրան բոլոր սրբերից եւ Իր ժողովրդից էլ առավել բարձր դիրքում: 

Եվ այնտեղ եկել հավաքվել էին բոլոր ազգերից ու ցեղերից եւ հրեշտակները նրանց զատում, բաժանում էին: Եվ մեղավորների անթվելի գնդերին տանում էին, որ կրակի մեջ այրվեն ու տանջվեն՝ սերնդե-սերունդ:

Եվ մինչ նայում էի, տեսա ազգերի մեջ ծփացող խմբերի, որոնք ծովի նման ալեկոծվելով, ջանում էին խառնվել Հայոց ժողովրդին եւ հրեշտակները հրեղեն գավազաններով նրանց դեն էին քշում: Ապա նրանք ընթանում էին դեպի Հոռոմ ժողովուրդը, սակայն հրեշտակները նրանց կրկին հեռու էին քշում եւ սրանք գնում էին ֆրանգների հավաքատեղին՝ նրանց խառնվելու, իսկ հրեշտակները այնտեղից էլ էին քշում հեռու: Եվ ծփում էին այս խմբերը ու չէին կարողանում որեւէ ազգի խառնվել: Եվ ես ասացի մոտս կանգնած հրեշտակին, որն այս տեսիլքը ինձ ցույց էր տալիս. «Տէր, ինչու՞ են այդ խմբերն այդպես ողորմելի շրջում եւ թույլ չի տրվում նրանց խառնվել ոչ մի ազգի, միթե՞ սրանք առանց մկրտության են»: Ասաց ինձ. «Գիտե՞ս, եղբայր, Աստված դրանց միջոցով կամեցավ քեզ ցույց տալ, որ ճիշտ ես մտածում: Սրանք կամեցան ազգից ազգ փոխադրվել եւ արհամարհեցին իրենց մկրտությունը, սրանք եղան եւ որպես հոռոմ կամ որպես ֆռանգ կամ ասորի եւ ահա նրանք չեն ընդունվում որպես Աստծո ժողովուրդ, այլ ճանաչվում են միայն որպես մկրտությունն արհամարհողներ եւ տանջվելու են մեղավորների հետ»:

Եվ երբ տեսա այս հրաշալի տեսիլքն ու արթնացա եւ գիտակցությունս տեղն եկավ, այդժամ փառավորեցի բարեգործ Աստծուն, որ իմ աղաչանքները անտես չէր արել, եւ երանի տվեցի Հայոց ազգին, որ մնաց սուրբ Գրիգորի կանոնների խրատների մեջ: Եվ այս ամենի մասին մինչ հիմա ոչ մեկին չհայտնեցի, բայց քանի որ վախճանվելու մոտ եմ, վկայեցի ձեզ, որպեսզի դուք էլ միամիտ սրտով փառավորեք Քրիստոսին՝ Աստծուն մեր, որ օրհնյալ է հավիտյան:

«Գիրք թղթոց» Մատենագրութիւն նախնեաց. Սահակ Մեսրոպեան մատենադարան, Թիֆլիս 1901 թ.

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ