«Պատերազմի գեներալներից շատ շատերը մինչև օրս հայերեն չգիտեն…»
«Ամեն ինչ սկսվում է լեզվից: Լեզուն ժողովրդի անձնագիրն ու այցեքարտն է:
Պետության արժանապատվությունն ու հեղինակությունն ինչ-որ տեղ կախված է նաև նրանից, թե պետությունդ, երկիրդ, ժողովուրդդ ներկայացնող բարձրաստիճան այս կամ այն անձն ինչպես է խոսում, լեզուն ոնց է օգտագործում, կամ որ լեզուն է օգտագործում՝ որպես հաղորդակցության միջոց:
Օրերս լսում էի Մոսկվայից պարբերաբար մեզ ԴԱՍ տվող պատերազմի հերոսներից գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցին ու ցավ ապրում, որ այս մարդը, ով անուրանալի ներդրում ունի հայկական բանակի ստեղծման ու կայացման գործում, հայերեն խոսել չգիտի, կամ եթե գիտի էլ, չի խոսում:
Բայց կարելի էր սա բացառություն համարել և անցնել առաջ, եթե …եթե այդ մեկը լիներ:
Պատերազմի գեներալներից շատ շատերը մինչև օրս հայերեն չգիտեն, իսկ եթե գիտեն՝ չեն խոսում, կամ բացառիկ դեպքերում…
25 տարում այս մարդիկ չցանկացան կամ չկարողացան սովորել ու խոսել հայերեն:
Այլ ոլորտներում նույնպես առկա է այս վիճակը, մանավանդ վերջին տարիներին, երբ հայերեն լեզուն թաթախվել է օտարալեզու բառերի հորձանուտում․․․
․․․Ուզում ենք իրապես ազատ ու անկախ լինել, ուժեղ լինել, հավասարը հավասարի պես շփվել աշխարհի բոլոր պետությունների հետ ու պահել մեր ազգային դեմքն ու դիմագիծը:
Ուզում ենք լավ ապրել, ստեղծել մեր ՛՛Փարիզը՛՛, ուզում ենք երկրում արդարություն հաստատել․․․ Շա՛տ բան ենք ուզում:
Բայց դրա համար նախևառաջ ինքնահարգանք է պետք սեփական հայրենիքի, պետության, ժողովրդի ու լեզվի նկատմամբ․․․»:
Փաստաբան Նորայր Նորիկյանի գրառումը: