Վազգենի եղբայրն էլ է մահացել, ծնողները հաշմանդամ են. մանրամասներ
Արցախում հուլիսի 10-ին զոհված ժամկետային զինծառայող Վազգեն Պողոսյանը 6 ամիս հետո զորացրվելու էր: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վայոց ձորի Հորբատեղ գյուղի գյուղապետ Գագիկ Սանդրոսյանը:
«Ապրում էր՝ հոր, մոր, տատի, պապի և հորաքրոջ հետ: Վազգենի երկու քույրերն ամուսնացած են, իսկ եղբայրը մահացել է 16 տարեկանում, որը շատ ցավալի է: Ամբողջ ընտանիքով հաշմանդամ են: Ահավոր է, չգիտեմ ինչ ասեմ»,-նշեց գյուղապետը:
Գյուղապետը հայտնեց, որ գյուղում բոլորն են մեծ ցավ ապրում, որովհետև Վազգենը պետք է դառնար հիվանդ ու հաշմանդամ ընտանիքի միակ հենակը:
Ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հուլիսի 10-ին ժամը 17:40-ի սահմաններում ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Վազգեն Ժիրայրի Պողոսյանը: