Այս քայլով մենք ձգտում ենք, որ հենց Սերժ Սարգսյանը չլինի. Սասուն Միքայելյանն`իր հայտարարությունից
«Իմ ասածի շուրջ թյուրըմբռնում է եղել, ես հենց ասել եմ, որ Սերժ Սարգսյանը չպիտի լինի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանն` անդրադառնալով իր երեկվա հայտարարությանը: Նրանում ասվում էր, որ Սերժ Սարգսյանը կարող է լինել վարչապետ 2018-ին, որպեսզի պատասխանատվություն կրի: Այս հայտարարությունը քննադատությունների առիթ հանդիսացավ:
Սասուն Միքայելյանը պարզաբանեց, որ նկատի է ունեցել, որ նախագահ Սարգսյանը մշտապես վարչապետներ փոխելով պատասխանատվություն չի կրել: «Ես ասել եմ, որ ոչ թե նա պիտի լինի, այլ Սերժ Սարգսյանը պիտի պատասխանատվություն կրի: Իմ անձնական կարծիքն է, որ նա պիտի կրի այդ պատասխանատվությունը, եթե դառնա վարչապետ, կես տարի չի ձգի, քանի որ այս վիճակից չենք կարող դուրս գալ»,-նկատեց նա:
Պատգամավորը համոզված է, որ նախագահը «խաղում է» վարչապետեր փոխելով: «Իմ այսօրվա հայտարարությունը հենց կանխելն է, որ Սերժ Սարգսյանը չկարողանա արդար մնալ ժողովրդի դեմ, վերջապես կրի այդ պատասխանատվությունը, ոչ թե վարչապետը, այս կամ այն նախարարը, Ազգային ժողովի նախագահը: Մենք ձգտում ենք, որ նա չլինի հենց այս քայլով»,-բացատրեց Սասուն Միքայելյանը:
Խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Սասուն Միքայելյանը նկատի է ունեցել, որ Սերժ Սարգսյանն է մեղավոր երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր վիճակի, և ինքն էլ պիտի փորձի դրա տակից դուրս գա: