« … բոլորդ էլ «գործ կտաք» ու մի հատ օֆ էլ չեք անի»
Պատմությունը թեժացավ ու արդեն իր առանձին կյանքով է ապրում ֆեյսբուքյան տիրույթում։ Մի մասը դեռ քննարկում է տվյալ պատգամավորին, տվյալ պատգամավորի կուսակիցները քննարկում են դաշնակցության լոգոյի թրոլինգ` հավասարեցնելով դա ընդհուպ խաչապղծության, իսկ ավելի շատ մարդիկ հիմա ինքնամոռաց պոլեմիզմ են վարում «գործ տալ-չտալու» դիլեմայի մասին։
Ամենատարածված հակափաստարկն այս հարցում իր մեջ անպայմանորեն բավականին պարզունակ, բայց բավականին պրիմիտիվ մանիպուլյատիվ հնարքներ է պարունակում։ Որպես կանոն՝ խնդիրը պրոյեկտում են դեռահասների/երեխաների, ու եթե հակառակ կողմը նաև ծնող է, ապա հենց նրա երեխաների վրա (դիցուք՝ տղեդ կռիվ ա արել․․․ Գործ կտա՞ս)։ Կամ էլ բերում են կենցաղային տարբեր իրավիճակների օրինակներ (դիցուք՝ դու մեքենայով գնում ես ու տեսնում ես, որ մեկը կարմիր լույսի տակ անցավ․․․ Գործ կտա՞ս)։
Կարելի է երկար բանավիճել այս օրինակների շուրջ, բայց դրա պրոդուկտիվությունը անսահման մոտ կլինի 0-ի, որովհետև կհեռացնի բուն խնդրո առարկայից։ Այն է՝ ուզո՞ւմ ենք կոռուպցիայի դեմ պայքարել ու եթե ուզում ենք, ապա հնարավո՞ր է անել դա առանց «գործ տալու»։
Ի վերջո, կոռուպցիա ասվածը ո՛չ կարմիր լույսի տակով մեքենան քշել է, ո՛չ էլ դեռահասական ծեծկռտուք։ Ու պետք չէ քողարկել համազգային խնդիրը զգայական օրինակների շղարշի տակ։ Եթե տղերքը կռիվ են անում, դա ներելի է ու նորմալ, կարելի է դաստիարակչական խրատով էլ հաշտեցնել։ Բայց եթե մի խումբ դեռահասներ առանձնակի դաժանություն են դրսևորում, (իսկ դեռահասաները հակված են դաժան լինելու), դանակահարում են կամ էլ պարբերաբար հալածում ու նվաստացնում են, ապա այո՛, նրանցով արդեն պետք է զբաղվեն իրավապահները, որովհետև խրատները խուլիգանին չեն շտկում։ Հետո էլ տենց կենդանակերպ վիճակով գնում են բանակ ու ինքնասպանության են հասցնում ավելի հանգիստ ու դաստիարակված երեխեքի։ Ինչո՞ւ, որովհետև ժամանակին պատժի անխուսափելիության վախը մեջները չի ներդրվել, մի երկու անգամ խոսացել են վրեքները, մի երկու անգամ ականջները քաշել են ու վերջ։
Կոռուպցիային ինչո՞ւ ենք վերապահումով մոտենում։ Շատ պարզ է սա։ Որովհետև իրականում մենք կաշառք տվող ու կաշառք վերցնող ազգ ենք։ Արևելք ենք։ Հիմնականում։ Տարբերությունն այն է, որ պայմանական X թվով մարդիկ վերցնում են կաշառք, իսկ X-ից բազմապատիկ անգամ ավելի մեծ Y թվով մարդ տալիս է այդ կաշառքը։ Խնդիրը, սակայն, դա չէ։ Խնդիրն այն է, որ այդ Y թիվը ոչ այնքան վատ է զգում կաշառք տալուց, որքան ափսոսում է, որ ինքը X-ում չէ՝ կաշառք վերցնող չէ։ Թե չէ գլոբալ դատապարտելի բան չի տեսնում, «ով էլ լիներ, նույնը կաներ»։
Այ հենց այս կատեգորիայի համար էլ «գործ տալ»-ը մի աներևակայելի անբարոյականություն է թվում, մինչդեռ դա նրանց հոգեկանի պաշտպանական մեխանիզմ է։ Սիրելի՛ հարգելիներ, ձեզ մոտ պարզապես կոգնիտիվ դիսսոնանս է առաջացնում այն, որ ինքներդ եք հակված զանցանքի ու որպեսզի չգիտակցեք դա, ենթագիտակցաբար առաջ եք քաշում «գործ տալը ավելի վատ է, քան կաշառք տալը» շինծու թեզը։ Ինչո՞ւ շինծու։ Որովհետև եթե կաշառք տալու թեմա չլինի, այլ սպանության, բռնաբարության, կողոպուտի ու գողության, ապա հիմնականում դուք բոլորդ էլ «գործ կտաք» ու մի հատ օֆ էլ չեք անի։
Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆերսբուքյան գրառումը