Հարկայինը կզգուշացնի բիզնեսմեններին
ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսվում է ներդնել Հորիզոնական մոնիթորինգի համակարգ, որը հարկային մարմնի և հարկ վճարողների միջև գործընկերային հարաբերությունների ձևավորման նոր, միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառված ձևաչափ է: Համակարգի նպատակն է բարելավել հարկային միջավայրը: Համակարգի հիմնական առավելություններից է, որ հարկային մարմինը, առանց տնտեսվարող սուբյեկտ այցելության, մշտապես հետևում է նրա գործունեությանը և օրենսդրության պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում, անմիջապես տեղեկացնում է այդ մասին:
Ըստ այդմ, կառավարությունը սահմանել է հորիզոնական մոնիթորինգի համակարգից օգտվելու հնարավորություն ունեցող կազմակերպությունների գործունեության ոլորտները՝ մետաղական հանքաքարի արդյունահանում, ալկոհոլային խմիչքների թորում, բազմաթորում և խառնում, ծխախոտային արտադրատեսակների արտադրություն, էլեկտրաէներգիայի արտադրություն, հաղորդում և բաշխում, գազամատակարարման համակարգի միջոցով բաշխվող գազի վաճառք, ջրի հավաքում, մշակում և բաշխում, հեռահաղորդակցության ծառայություններ, ծրագրային ապահովման մշակում, խորհրդատվություններ և հարակից գործունեություն համակարգչային տեխնոլոգիաներ:
Կարեն Կարապետյանը, կարևորելով գործընթացը, նշել է. «Մենք բիզնեսի հետ կնքում ենք պայմանագիր և ասում, որ այս ծառայությունը տրամադրում ենք անվճար, մշտադիտարկում ենք անում և երբ խնդիր ենք նկատում, զգուշացնում ենք: Եթե չենք զգուշացրել, ապա վերջինս պատասխանատվություն չի կրելու, եթե այն հետո հայտնաբերվի: Կանխարգելում ենք, իրեն հուշում ենք, որ կարող է սխալ ուղով գնալ: Չափազանց կարևոր գործընթաց է, որին պետք է հատուկ ուշադրություն դարձնել»: Վարչապետը հավելել է նաև, որ անհրաժեշտ է ոլորտների քանակն ընդլայնել: