Կոտրված ոսկորը մասսաժ են անում, ուռուցքը չեն նկատում
ԱԺ-ում շարունակում են քննարկել Պետական գույքի մասնավորեցման մասին նախագիծը։
Անդրադառնալով բժշկական հաստատությունների մասնավորեցման խնդրին՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց՝ չի ժխտում՝ մասնավոր հիվանդանոցները շատ ավելի լավն են, քան պետականները, ապա հավելեց. «Գոնե մասնավոր հիվանդանոցներում զուգարանների ավանդական գարշահոտությունը չկա։ Բայց առողջապահության ոլորտում տխուր պատկեր ունենք»։
Փաշինյանը շեշտեց՝ բազմաթիվ բուժհաստատություններում, մեղմ ասած, կան այնպիսի բժիշկներ, ովքեր իրենց գործից բոլորովին գլուխ չեն հանում, որոշ տեղերում էլ սարքավորումներ չկան: Երբեմն էլ առողջապահական համակարգը կյանքի ու մահի արանքում կանգնած մարդուն ստիպում է համբերել, մինչև որ ընթացակարգերը կկարգավորվեն:
«Ստացվում է՝ ինֆարկտով մարդուն պիտի ասենք՝ սպասի՛ր, Կառավարության որոշմամբ դեռ չես կարող բուժվել։ Սա աբսուրդ է: Միգուցե, զավեշտալի է հնչում, սակայն բազմաթիվ մարդիկ են այդպես մահացել։ Բազմաթիվ հիվանդանոցներ երկրաշարժի ավերակներ են հիշեցնում։ Պետպատվերը մի քանի հիվանդանոցում է կենտրոնացված, որոշ բուժհիմնարկներ էլ վերածվել են օլիգարխների հիվանդանոցների։
Ունենում ենք օազիսներ` ոսկեջրած պատերով։ Կան նաեւ հիվանդանոցներ, որտեղ մասնագետների խնդիր ունենք, ասենք` կոտրված ոսկորը մասսաժ են անում, 4 սանտիմետրանոց ուռուցքը չեն նկատում։ Մենք դեմ ենք քվեարկելու այս նախագծին», – նշեց Փաշինյանը: