Հայաստանի նախագահին հնարավոր եղավ երկնքից երկիր իջեցնել. ադրբեջանական մամուլի գլխավոր հերոսուհին
Այս օրերին ադրբեջանական կայքերի գլխագրերի “գլխավոր” հերոսը “Ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանն է: ԵԽ ԽՎ-ում նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նրա հարցը բուռն արձագանք է ստացել նաեւ ադրբեջանական մամուլում: Դրան հետեւեցին նաեւ լուրերն ու մեկնաբանություններն այն մասին, որ Փոստանջյանը հանվել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմից:
“Հայ պատգամավորը հետապնդումների է ենթարկվում` Սերժ Սարգսյանին հարց ուղղելու համար”,- դեպքի առթիվ գրում են ադրբեջանական կայքերը:
Մասնավորապես ադրբեջանական day.az-ը, խոսելով Փոստանջյանի հնչեցրած հարցի մասին, մեջբերում է Մեջլիսի պատգամավոր Գովխար Բախշալիեւի մեկնաբանությունը. “Սուտ հայտարարություններից հետո Հայաստանի նախագահին հնարավոր եղավ երկնքից երկիր իջեցնել:
Եվ դա արեց ոչ այլ ոք, քան հայ պատգամավորը, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը` իր հարցով: Դեպքերի նման շրջադարձի ոչ ոք չէր սպասում: Եվ հնարավոր է` Եվրոպան վերջնականապես համոզվեց հայ քաղաքական գործիչների ոչ ադեկվատ լինելու մեջ”,- գրում է day.az-ը: