Ով ուզում է հավիտենական կյանք մտնել
Այստեղ մեզ պետք է հառաչանքի ողբ և ջերմեռանդ արտասուք, բայց դու, ո՛վ սիրելի, արթուն եղիր, զգույշ մնա և զգաստ, մի ասա այն, որ քո հոգու համար բարի չէ, և մի՛ լսիր այն, որ ընդունելի չէ Աստծուն: Արդ, ով ուզում է հավիտենական կյանք մտնել, պիտի ատի աշխարհի կյանք, ով բաղձա անանց փառք, այստեղ պիտի հրաժարվի անցավոր փառքից:
Ով ցանկանում է դրախտի փափկություն, այստեղ չփափկանա մարմնով:
Ով սրտանց սիրում է Տեր Հիսուսին, այստեղ անբաժան պիտի մնա նրանից անարատ սրբությամբ:
Ով շտապում է մտնել լույսի առագաստը, այստեղ պիտի վերցնի ողորմության յուղը:
Ով վախենում է անվախճան որդերից, այստեղ ատամներով չպիտի խածոտի իր եղբորը:
Ով զարհուրում է բորբոք կրակից, այստեղ իր միջից պիտի մարե նախանձի ու ցանկության բոցը:
Ով սոսկում է անշեջ հրից, այստեղ թող հուրը:
Ով վախենում է աչքերի լալուց և ատամների կրճտելուց, այստեղ չցամաքեցնի արտասուքի վտակները:
Ով սարսում է աններելի տանջանքներից, այստեղ լա անդադար, գիշեր ու ցերեկ:
Ով կամենում է երկար ուղիղ ճանապարհ գնալ, այստեղ պատրաստի պաշարը` լի և առատ:
Ով ուզում է անդատ ու անդատապարտ մնալ դատարանում, այստեղ չդատապարտի իր եղբորը:
Ով իր Տիրոջը բյուր քանքարի պարտք ունի, այստեղ բաշխի իր եղբորը հարյուրավորը:
Ով ուզում է դևերի չարությունից անցնել երկինք, այստեղ պիտի խնդրի իր Տիրոջից օգնություն:
Ով պայծառ պսակներ է ցանկանում, այստեղ վշտերին պիտի համբերի Հոբի նման:
Ով ուզենա ազատվել բոցածավալ ծովից, այստեղ իր աչքերը պիտի ծովացնի արտասուքով:
Ով կամենա անվնաս ոտնատակ տալ հրեղեն գետը, այստեղ բազմացնի ողորմությունը:
Ով ուզում է մտնել անվրեպ վայելչության մեջ, այստեղ չծուլանա տեսակցության գնալ հիվանդներին:
Ով տրամադիր է երանավետ ձայնը լսելու` «Ազնիվ ծառա, բարի և հավատարիմ» (Մատթ. 25։21), այստեղ իր ականջները չխցի խնդրողների առջև:
Ով ուզի խմել կյանքի աղբյուրից, այստեղ կարոտ մնա մի գավաթ գինու:
Ով ցանկանում է կուսական պսակ, այստեղ մաքուր ու անμիծ մնա աղտեղություն տեսնելուց:
Ով ուզի մտնել անտրտում հարսանիք, այստեղ պատրաստի հարսնարանի հանդերձանք:
Ով ուզենա լսել փողի քաղցր ձայնը, այստեղ կարոտյալների ձայնը չանտեսի:
Ով ախորժում է Տիրոջն ընդառաջ վերանալ օդի ամպերով, այստեղ թող ընդառաջ գնա աղքատներին:
Ով զարհուրում է իր Տիրոջ խոսքից, երբ ասում է` «Ծառա չար և վատ» (Մատթ., 25։26), այստեղ արիանա ի հաճույս Տիրոջ:
Ով ակնկալում է իր Տիրոջ գալուստը հարսանքին` այստեղ արթուն է մնում երեկոյան և կեսգիշերին, և հավախոսին և առավոտյան, այսինքն` մանկությանը, երիտասարդությանը և ծերությանը, և նրան փառք հավիտյանս. ամեն:
Հովհաննես վարդապետ Գառնեցի