26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հովհաննես Բաբախանյանը անակնկալներ է պատրաստել հանդիսատեսի համար

Երգիչ Հովհաննես Բաբախանյանը   երգել սկսել  է  վաղ տարիքից: Երգիչը նշում է՝  երգարվեստի նկատմամբ սերը գեներով է փոխանցվել իրեն:
Հովհաննեսն ընդգծում է՝  երգարվեստը իր կյանքի կարևորագույն բաղկացուցիչներից է, ու  թեև հաճախ դժվարություններ ու  խոչընդոտներ են լինում, այդուհանդերձ,  երգի  և հանդիսատեսի նկատմամբ ունեցած սերը երբեք չի պակասում:   Henaran.am-ը զրուցել է երգչի հետ, ով պատմել է ոչ միայն իր բամական գործունեության, այլև նախասիրությունների և հետաքրքրությունների մասին:
 

-Հովհաննե՛ս, հիշո՞ւմ եք այն օրը, երբ առաջին անգամ բեմ դուրս եկեք: Քանի՞ տարեկանից եք սկսել երգել:

րգել սկսել եմ վաղ տարիքից. երաժշտական ազգ ենք, ուստի երգելու ձիրքը գեներով փոխանցվել է նաև ինձ: Արդեն 11 տարեկանում  իմ  առաջին   հեռուստաելույթն   ունեցա «Հանրային հեռուստաընկերությամբ» հեռարձակվող  «Պրեմիերա» հաղորդաշաշարի շրջանակում: Հենց  նույն տարում,  այսինքն՝ 2001 թվականին  հանդիսատեսին ներկայացա մենահամերգով՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Մեկ տարի անց՝ 2002 թվականին,   թողարկվեց առաջին  ձայներիզս, իսկ 2004 թվականին՝  երկրորդը: 

 

-Հանդիսատեսը Ձեզ ճանաչեց հատկապես «Ժողովրդական երգիչ» նախագծից: Ի՞նչ տվեց Ձեզ այդ նախագիծը:

Ժողովրդական երգիչ» նախագծի 4-րդ եթերաշրջանն, ըստ իս,  ամենափայլուն, ամենագեղեցիկ ու ամենասիրված եթերաշրջանն էր, որտեղ միմյանց հետ մրցում էին 14 ուժեղագույններ: Անկախ ամեն ինչից՝ այդ մասնակիցներն  արդեն հաղթողներ էին, քանի որ կարճ ժամանակում հասցրին սիրվել ժողովրդի կողմից: նախագծից քաղեցինք այնպիսի դասեր, խորհուրդներ, որոնք  մեր հետագա կյանքի համար  առանցքային կարևորություն ունեցան:

 

-Առաջիկայում ի՞նչ անակնկալների կարող են սպասել Ձեր երկրպագուները: Մի փոքր կբացե՞ք փակագծերը:

-Միշտ փորձում եմ անել այնպես, որ անակնկալներս լինեն ճիշտ ժամանակին: Բավականին մեծ գաղափարներ, պրոյեկտներ ունենք՝    այս տարվա հետ կապված: Աստծո կամոք և, իհարկե, մեր համառ աշխատանքի շնորհիվ՝  մեր աշխատանքներն առաջիկայում ասպարեզ դուրս կգան՝  տեսահոլովակների,  համերգների և նոր  հիթերի  տեսքով: Մի փոքր  փակագծերը բացեմ. առաջիկայում հանդիսատեսին կներկայանամ ոչ միայն որպես երգիչ, այլև որպես դերասան:

-Հովհաննե՛ս, յուրաքանչյուր երգչի երգացանկում կա մի երգ, որը հանդիսատեսի կողմից սիրվում է ու վերջինիս համար այցեքարտ դառնում: Ձեր պարագայում ո՞րն է այդ երգը:

-Որպես այդպիսին՝ հիթային, այցեքարտային երգ դեռևս չունեմ, բայց կարող եմ առանձնացնել իմ «Մեղավոր գարուն» և «Աղոթքն ես իմ» երգերը, որոնք վերջին շրջանում  հանձնեցի հանդիսատեսի դատին, իսկ  ժողովրդական, աշուղական երգերի ցանկից կառանձնացնեմ աշուղ Աշոտի «Հով գիշեր, զով գիշեր»  և Սայաթ -Նովայի «Քանի վուր ջան իմ» ստեղծագործությունները: Նշածս վերջին երկու ստեղծագործությունները «Ժողովրդական երգիչ» նախագծի ընթացքում շատ  սիրվեցին հանդիսատեսի կողմից: 

-Եթե չեմ սխալվում, Դուք հիմնականում երգում եք ժողովրդական, աշուղական երգեր, ինչպես նաև կոմպոզիտորական ստեղծագործութնուններ: Հնարավո՞ր է, որ առաջիկանում ներկայանաք նոր ժանրի ստեղծագործություններով:

-Մի քանի տարի է՝ իմ  ուշադրության կենտրոնում է   Երևանյան էստրադան. հասցրել եմ էստրադային մեկ-երկու երգ ներառել երգացանկումս, որոնք կընդգրկվեն  նաև իմ նոր ձայնասկավառակում: Առաջիկայում ներկայանալու եմ էստրադային նոր երգերով, որոնց հիման  վրա կնկարահանվեն տեսահոլովակներ, իսկ ժողովրդական երգը իմ  անբաժան ընկերն է: Էլ  ինչ   համերգ կամ միջոցառում իմ մասնակցությամբ, որ  ժողովրդական երգեր չհնչեն: 

 
-Երգից բացի՝ ի՞նչ նախասիրություններ ունեք: Ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ:

-Թեև ազատ ժամանակ քիչ եմ ունենում, բայց, այդուհանդերձ,  աշխատում եմ այն  արդյունավետ օգտագործել: Ժամանակիս մեծ մասը, բնականաբար, երգարվեստին եմ տրամադրում,  նոր երգեր եմ ուսումնասիրում: Բացի այդ՝ պետք է ասեմ՝ ես սպորտի մեծ սիրահար եմ, սիրում եմ ֆիլմեր դիտել, լուրեր կարդալ ու ինֆորմացված լինել:  Հաճախ ոչ մեծամասշտաբ հավաքույթներ  եմ կազմակերպում՝ հրավիրելով ընկերներիս ու մտերիմներիս.  սիրում եմ ժամանակս անցկացնել հարազատներիս, մտերիմներիս հետ ու նրանց հետ զրուցել դեսից-դենից:

-Կարդալ սիրո՞ւմ եք: Ո՞րն է ձեր ամենասիրելի գիրքը:

-Ընթերցանությունը մարդու կյանքում կենսական կարևորություն ունի. հոգևոր սնունդը մարդուն հարստացնում է: Ինձ համար գիրքը ներսումդ կատարվող անբացատրելի, անանուն երևույթների բացահայտողն է: Արվեստ,  գիր- գրականություն, կինո, երաժշտություն… սրանք  իմաստուն ու լայնախոհ դառնալու ուղիներն են: 

Իմ ամենասիրելի գրքերը  Սևակի «Մարդը ափի մեջ»  ժողովածուն է, Նար-Դոսի «Մեր թաղը»,   Հրանտ Մաթևոսյանի  «Ծառերը»…
 

-Մեր ավանդական  հարցը. եթե կախարդական փայտիկ ունենայիք, ի՞նչ կանեիք:

-Աշխարհիս երեսին ոչ մի փոփոխություն չէի անի. ամեն բան Աստծո ստեղծածն է,  և այն իդեալական է: Միայն կվերացնեի բոլոր չարիքները, թեպետ  քաջ գիտակցում եմ՝  անգամ կախարդական փայտիկն  ի զորու չէ չարի դեմ:

Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ