Կազդի էլէկտրաէներգիայի սակագների վրա
Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման եւ միջպետական առեւտրի խթանման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակներում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փորձագետների հետ համատեղ մշակված միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը մինչեւ 2017թ. մայիսի 31-ը կներկայացվի կառավարության հաստատման։
Նախարարությունից հայտնում են, որ այն նախատեսում է էներգետիկ շուկայի աստիճանական ազատականացում, որը պետք է իրականացվի առաջիկա 3-4 տարիների ընթացքում։ Դրանով շուկայի մի մոդելից անցում է կատարվելու մեկ այլ մոդելի, որտեղ ներմուծվելու են ազատականացման տարրեր։ Ակնկալվում է, որ այն նպաստավոր ազդեցություն կունենա ինչպես շուկայի մասնակիցների ծախսերի կրճատման, այնպես էլ սակագների ձեւավորման վրա։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանի փոխանցմամբ, Հայաստանում նոր էլեկտրաէներգետիկական շուկա ձեւավորելու նախաձեռնությունը պայմանավորված է ներքին շուկայի պահանջներով, դրա կատարելագործման, ինչպես նաեւ Վրաստանի հետ առեւտրի հնարավորություններն արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությամբ: Նրա խոսքով, միջսահմանային առեւտուրը ընձեռում է փոխշահավետ հնարավորություններ եւ նպաստում է ներքին շուկայի արդյունավետության բարելավմանը:
Հայկ Բադալյանի տեղեկացմամբ, միաժամանակ աշխատանքներ են տարվում նաեւ էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացմանն ու միջպետական առեւտրի զարգացմանը նպաստող իրավական պայմանների ստեղծման եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եւ այլ պետական մարմինների գործառույթների հստակեցման նպատակով «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու ուղղությամբ: Ինչպես շուկայի ազատականացման ծրագիր-ժամանակացույցը, այնպես էլ դրանից բխող «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկվել է շուկայի մասնակիցների հետ: Փաստաթղթերը ուղարկվել են շահագրգիռ գերատեսչություններին. «Ստացված դիտողությունների եւ առաջարկությունների ամփոփումից հետո, վերջնական տարբերակը մինչեւ հաջորդ ամսվա վերջ կներկայացվի կառավարության հաստատմանը»,- նշել է Հ.Բադալյանը։