25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կենդանիների դաժան սպանդ…բաց նամակ վարչապետին

«ՓՈՈՒԶԻԹԻՎ» կենդանիների պաշտպանության ՀԿ-ը բաց նամակ է գրել վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ներկայացնելով Հայաստանում առկա թափառական շների խնդիրները, «ՅՈՒՆԻԳՐԱՖ-ԻՔՍ» ընկերության կողմից իրականացվող հանցանքներն ու փողերի յուրացումը։ Իր կողմից ոչ մի պատասխան դեռևս չենք ստացել, սակայան հասարակությունն անտարբեր չէ․ մեր ֆեյսբուքյան էջում ստացել ենք բազմաթիվ արձագանքներ։

 Բաց-նամակ ՀՀ վարչապետին
Հուսանք, գոնե այս անգամ որևէ կառուցողական արձագանք կստանա թափառող կենդանիների խնդիրը:

Խրախուսվում է ակտիվ տարածել

Հարգելի պարոն Վարչապետ ,

Մենք՝ «ՓՈՈՒԶԻԹԻՎ» կենդանիների պաշտպանության ՀԿ-ի ներկայացուցիչներս, հաշվի առնելով Ձեր սկզբունքային աշխատաոճը, ընտրված բանաձևը, որն է՝ «հայրենասեր թիմ, կամք, խելացի կառավարում և ծրագրեր, որոնք շարժիչ ուժ կհանդիսանան միջավայրը որակապես փոխելու համար», վստահ ենք, որ այս անգամ չեք անտեսի տվյալ բաց նամակի խնդրանքը։

Դուք, լինելով Երևան քաղաքի նախկին քաղաքապետը և ներկայիս վարչապետը, հավանաբար քաջ ծանոթ եք՝ Երևանում, ինչպես նաև Հայաստանի մյուս մարզերում առկա թափառական կենդանիների հետ կապված հիմնախնդիրներին։ Քաղապետարանը լուրջ քայլեր է ձեռնարկում քաղաքի բակային տարածքների բարելավման և գեղեցկացման համար՝ ապահովելով երեխաներին խաղահրապարակներով, կանաչ և անվտանգ տարածքով։ Բայց մի՞թե սա է մեր երեխաների անվտանգ և ուրախ մանկությունը, երբ բակերում թափառական շների խմբեր են շրջում, իսկ գիշերային ժամերին կրակոցների և շների կաղկանձի ձայներ են հնչում։ Մի՞թե սա է այն «դռայվը», որ սազական է մեր քաղաքին։

Ինչպե՞ս է ստացվում, որ թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների մատուցման համար Երևանի քաղաքապետարանի հայտարարած ամենամյա մրցույթում մշտապես հաղթում է «ՅՈՒՆԻԳՐԱՖ-ԻՔՍ» ընկերությունը, որն իր գործունեության ողջ ընթացքում ապահովել է թափառական կենդանիներին ոչ թե կացարանով, այլ սպանդանոցով, ոչ թե ստերելիզացրել է, այլ այրել կամ գնդակահարել։ Իբրև թե ստերջացված և համապատասխան վզկապով շունը, պարզվում է հղիություն է տանում, նրանց կողմից բաց թողնված շների մեծ մասը լուրջ ինֆեկցիոն հիվանդությունների վարակակիր են հանդիսանում, բազմաթիվ սպանված շների դիակներ են հայտնաբերվում, որոնց հեղինակները, ինչպես իրենք են նշում, «թաղապետարանի որսորդներ»-ն են։ Շների սպանդը բերում է տեսակի ագրեսիվացման, ոհմակների առաջացման, քանի որ գոյատևման բնազդի համաձայն՝ շներն սկսում են ավելի արագ բազմանալ ու ավելի մեծ քանակությամբ ձագեր ունենալ: Մեկ էգ շունը և իր ձագերը կարող են ընդամենը 6 տարվա ընթացքում ծնել ևս 65.000 ձագ։ Եվ այս խնդրի միակ քաղաքակիրթ լուծումը ստերջացումն է, այլ ոչ թե վերջինիս իմիտացիան։

«ՅՈՒՆԻԳՐԱՖ-ԻՔՍ» ընկերության խաբեությունների, կենդանիների դաժան սպանդի և պարտականությունների չկատարման մասին առկա են բազմաթիվ վառ ապացույցներ ոչ միայն մեզ մոտ, այլև մի շարք լրատվամիջոցների, այլ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև անհատ կենդանասերների մոտ։

ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 92-րդ հոդվածը սահմանում է՝ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացմանը կամ խեղմանը, նախատեսում է տուգանք՝ քաղաքացիների համար` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց համար՝ ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Մինչդեռ մեր երկրում՝ կենդանիների հանդեպ դաժան վարքագիծ դրսևորող ընկերությունը ոչ թե տուգանվել, այլ երկար տարիներ վարձատրվել է տարեկան 200-220 մլն դրամի չափով և ներկայումս նույնպես շարունակում է թալանել պետական բյուջեն, ինչպես նշում է տվյալ ընկերությունը, մոտ 120 մլն դրամի չափով։ Եվ այս ահռելի ծախսերը ոչ մի կերպ չեն արդարացվում, քանի որ խնդիրը մինչ օրս մնում է չլուծված։
Եթե Դուք, հարգելի պարոն Վարչապետ, պայքարում եք փողերի յուրացման, անօրինականության դեմ, եթե ցանկանում եք ստեղծել ավելի քաղաքակիրթ և օրինական երկիր, պարզապես խնդրում ենք չանտեսել նման հանցանքը և դադարեցնել համագործակցությունը «ՅՈՒՆԻԳՐԱՖ-ԻՔՍ» ընկերության հետ։

«ՓՈՈՒԶԻԹԻՎ» ՀԿ-ն արդեն մի քանի անգամ ներկայացրել է խնդրի իր լուծումները քաղաքապետարանին, սակայն ոչ մի արձագանք չի ստացել։ Մենք, այնուամենայնիվ, շարունակում ենք աշխատել՝ իրականացնելով անապաստան կենդանիների պաշտպանությանն ուղղված միջոցառումներ, պայքարելով նրանց հանդեպ դաժան վերաբերմունքի դեմ։ Այս պահի դրությամբ խնամում ենք ավելի քան 120 թափառական շների՝ ֆինանսավորվելով բացառապես բարեգործական նվիրատվությունների միջոցով։ Հույս ունենք, որ քաղաքային իշխանությունները կհետևեն առավել զարգացած երկրների օրինակներին, ինչպիսիք են՝ Գերմանիան, Անգլիան, Իտալիան, որտեղ ստերջացման մեթոդի կիրառման արդյունքում փողոցներում արդեն իսկ չես տեսնի որևէ թափառական կենդանի։ Հավատո՛ւմ ենք, որ կունենանք որակապես փոխված միջավայր թե՛ մարդկանց, և թե՛ կենդանիների համար։

Ակնկալում և նախապես գնահատում ենք Ձեր աջակցությունը:

Հարգանքով՝

«ՓՈՈՒԶԻԹԻՎ» ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ