Ուշագրավ մարգարեություն
Վերջին ժամանակներում համաշխարհային անցուդարձում նորից թեժանում է գերտերությունների մրցակցությունը: Մերձավոր Արևելքը վերստին դառնում է պատերազմների թատերաբեմ: Հայաստանն այնքան էլ հեռու չէ այս տարածաշրջանից, և ՀՀ իշխանությունները պետք է պատրաստ լինեն բոլոր աննախադեպ մարտահրավերներին և իրադարձությունների զարգացումներին: Մի քանի տարի առաջ գուցե ոչ ոքի մտքով չանցներ, որ Ռուսաստանը Սիրիայում սկսելու է ռազմական հաղթարշավ, սակայն այսօր դա անհերքելի փաստ է: Այս զարգացումներին համընթաց սրվում են թուրք-ռուսական հարաբերությունները և չի բացառվում, որ մոտ ապագայում Արևմուտքի դրդմամբ և քաջալերմամբ ռուս-թուրքական հերթական պատերազմը սկսվի, որպեսզի կասեցվի ռուսական ազդեցության տարածումը այդ տարածաշրջանում:
Հայաստանի անվտանգության համար այս ամենը մտահոգիչ է, քանի որ ռազմաճակատներից մեկը կարող է լինել հենց Հայաստանի և ներկայիս Թուրքիայի միջև սահմանը: Մեր երկրին անհրաժեշտ է դուրս գալ իր ներքին կյանքի անառողջ մթնոլորտից, ուր շարունակաբար տիրում են մշուշը և գոյապայքարը: Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում գերիշխեն արդարության ու հավասարության սկզբունքները, որպեսզի չլինի արտագաղթ, այլ ներգաղթ: Անհրաժեշտ է հայկական բանակի լիովին գերժամանակակից վերազինում և ներգաղթի շնորհիվ բանակի թվաքանակի աճ, որովհետև չի բացառվում, որ մենք պատերազմի մեջ լինենք երկու ճակատով` և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ:
Այս ամենը ներկայումս շատերին կարող է թվալ ֆանտաստիկ ժանրի երևակայություն, սակայն անդրադառնալով եկեղեցու որոշ սուրբ հայրերի կանխատեսումներին ու մարգարեություններին, մարդուն մտածելու տեղիք է տալիս, մասնավորաբար հույն և ռուս ուղղափառ եկեղեցիների սրբերից ոմանք խոսել են Թուրքիայի կործանման մասին: Այս առումով ուշագրավ են հույն ուղղափառ եկեղեցու 20-րդ դարի հայտնի սրբերից Պաիսիոս Աթոսացու մարգարեությունները:
Նա կանխատեսել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև նոր պատերազմ է լինելու: Նշում է, որ հունական բանակը չի մասնակցելու այդ պատերազմին: Պատերազմի թատերաբեմ են լինելու Պաղեստինը, Մերձավոր Արևելքը: Ռուսները գրավելու են Թուրքիան, և այն անհետանալու է քաղաքական քարտեզից, քանի որ թուրքերի մեկ երրորդը քրիստոնյա է դառնալու, մեկ երրորդը զոհվելու է ճակատամարտերում, մեկ երրորդը Միջագետք է գաղթելու: Հավաստիացնում է, որ այդ պատերազմին նույնիսկ չինացիներն են մասնակցելու և մի կողմից անցնելու են Եփրատ գետը, մյուս կողմից հասնելու են Երուսաղեմ քաղաքին` ունենալով երկուհարյուրմիլիոնանոց բանակ: Նա նշում է, որ Թուրքիայում կապստամբեն քրդերն ու հայերը, և եվրոպացիները թուրքերից պահանջելու են նրանց ինքնորոշումը և անկախությունը, և այսպիսով Թուրքիան կբաժանեն մի քանի մասի: Այս առանձնահատկությունների մոտենալու նշաններից մեկն այն է լինելու, որ Երուսաղեմում կործանվելու է Օմարի մզկիթը, և հրեաների կողմից սկսվելու է Սողոմոնի տաճարի վերականգնումը:
Սբ. Պաիսիոսն ասում է, որ եվրոպացիների և ռուսների միջև արյունահեղ ճակատամարտ է տեղի ունենալու Կոստանդնուպոլիս (ներկայիս Ստամբուլ) քաղաքի համար: Հունաստանը առաջնային դեր չի խաղալու այդ պատերազմում, բայց ռուսները Կ. Պոլիսը հանձնելու են հույներին և ոչ թե նրա համար, որ շնորհ կանեն այդ քայլով, այլ պարզապես դրանից ավելի լավ լուծում չեն գտնի: Հրեաները, որոնք կունենան եվրոպացիների աջակցությունը, տարբեր խորամանկ մեքենայությունների միջոցով կաշխատեն կառավարել Եվրոպան:
Բայց քրիստոնյաները կմիավորվեն: Երբ լսեք, որ թուրքերը փակում են Եփրատ գետի ջրերը` կառուցելու համար ամբարտակ և ոռոգելու համար իրենց հողերը, այդժամ իմացեք, որ մենք մտել ենք այդ մեծ պատերազմի նախապատրաստական փուլը և այն մոտ է:
Հարկ է նշել, որ Թուրքիան Եփրատ գետի վրա ամբարտակ է կառուցել դեռ 1990-ին և մեկ ամիս Եփրատ գետի ջուրը սակավ է հոսել Սիրիա, ուր սիրիացիները շատ հողեր չեն կարողացել ոռոգել: Այդ իսկ պատճառով Սիրիան նույնիսկ սպառնացել է ռմբակոծել Թուրքիան և երկար բանակցություններից հետո որոշակի քանակով Եփրատի ջրերը նորից հոսել են Սիրիա: Երբ կարդում ենք Սբ. Պաիսիոսի ապագայի վերաբերյալ մարգարեությունները, զգում ենք, որ ազգությամբ հույն սրբակենցաղ այս մարդու երազանքներից մեկը կրկին Կ. Պոլսի վերադարձը տեսնելու մեջ է, դրա թուրքական իշխանությունից ազատագրումը:
Ոմանք կարող են Սբ. Պաիսիոսի կանխատեսումները պարզապես հունական ազգային երազանք որակել, բայց Սբ. Հոգով լցված այս մարդու խոսքերն ապագա իրադարձությունների վերաբերյալ մտածելու տեղիք են տալիս: Համենայն դեպս, օրթոդոքս եկեղեցու սրբերից շատերն են վկայում, որ Թուրքիան մասնատվելու է նմանատիպ համաշխարհային իրադարձությունների պատճառով, ինչպես օրինակ` երանելի սրբակենցաղ Հովսեփ Վատոպեդացին իր մարգարեական կանխատեսումներում նշում է, որ հույները Կ. Պոլիս կվերադառնան վեց հարյուր տարի անց, երբ այն գրավվեց թուրքերի կողմից, այսինքն` այն նորից հունական քաղաք կդառնա 2053-ին: Նա ասում է, որ Հայաստանն իր հողերը հետ կստանա, իսկ քրդերը ձեռք կբերեն անկախություն և կստեղծեն իրենց անկախ պետականությունը:
Արդ, Մերձավոր Արևելքում զարգացող իրադարձությունները հուշում են, որ սրբակյաց այս անձանց կանխատեսումները պարզապես հունական երազանք չենք կարող կոչել, և նրանց մարգարեությունները սկսում են համընկնել արդի համաշխարհային իրադարձություններին: Կարծում եմ` Հայաստանի ներկայիս ու ապագայի իշխանությունները պետք է որոշակի վերլուծություն կատարեն այս ամենից, որպեսզի հետագայում անպատրաստ չլինեն, հատկապես փորձեն կատարել Աստծո կամքը, որպեսզի աստվածային նախախնամությունը առաջնորդի ու աջակցի հայոց պետությանը վերստին գտնելու իր կորսված հայրենյաց հողերը և միավորելու մեկ միասնական մեծ Հայաստանի սրբազան հաղթության խաչի և դրոշի ներքո:
Հովհաննես Մանուկյանի հանրագրից