“Եկեք փորձենք” . Ադրբեջանցի երիտասարդը հայկական եռագույնով շապիկ է հագել եւ լուսանկարվել)
Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի 50 երիտասարդներ, Վրաստանի Քոբուլեթ քաղաքում “Եկեք փորձենք” /”Let’s try!”/ երիտասարդական ամառային ճամբարի շրջանակներում, երկխոսության են գնացել` հանուն խաղաղության: Ծրագիրը կազմակերպել է “Երիտասարդական ակումբների դաշնությունը” /FYCA/ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:
“Հենարան” ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպանը ծրագրի փորձագետ Աստղիկ Ավետիսյանը նշեց, որ Ադրբեջանի քարոզչության պատճառով շատ վատ կարծրատիպեր են ձեւավորվել հայերի նկատմամբ, սակայն նոր սերունդը` հաղորդակցման, հասարակական կարծիքի ձեւավորման եւ նման համատեղ ծրագրերի մշակման արդյունքում փոխել է իր վերաբերմունքն ու վարքագիծը, ջարդվել են ստերեոտիպերը, թե հայերը սոված ու աղքատ ժողովուրդ են:
“Երիտասարդական ակումբների դաշնության” նախագահ Ատոմ Մխիթարյանի խոսքով` “Երիտասարդներն այն ուժն են, որ կարող են երկու երկրների մեջ շփման եզրեր ձեւավորել”:
Կնյազ Սարոյանը, ով ծրագրի մասնակիցներից է, հավելեց, որ ծրագրի նպատակը երիտասարդական ոչ ֆորմալ հանդիպումների միջոցով, միջանձնային մակարդակում երկխոսության հաստատումն էր, որն էլ թերեւս կայացել է: “Ճամբարի կարեւոր ձեռքբերումներից մեկն այն էր, որ երկուստեք չկար վախի զգացողություն, հատկապես, որ մենք մեր սենյակները կիսում էինք ադրբեջանցի մասնակիցների հետ”:
Ագրեսիվ կեցվածքի դրսեւորումներ չեն եղել ադրբեջանական երիտասարդների կողմից, ավելին` նրանց լիդերներից մեկը հայկական եռագույնով շապիկ է հագել ու լուսանկարվել: Իսկ մինչ մեր երիտասարդները տուն կվերադառնային, ադրբեջանցի մասնակիցներն ավելի վաղ Facebook-ով ընկերության առաջարկ են ուղարկել: “Սա քայլ է, որը ցույց է տալիս, որ նրանք ուզում են մեր շփումները դառնան շարունակական”,- նշեց ծրագրի համակարգող Նազինե Խալաֆյանը:
Ճամբարի շրջանակներում երիտասարդները ծանոթացել են մարդու իրավունքների, հասարակական կարծիքի ձեւավորման մեխամիզմներին: Իսկ ավարտը եղել է երեք երկրների երիտասարդների մտածած խաղաղության թեմայով ֆլեշմոբի կազմակերպումը: