Երեխուդ արեւ երդվի . Հայկական Ժամանակ
«Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներն այսօր այցելել են Արարատի մարզ: Վեդի քաղաքում, երբ Ծառուկյանն ավարտեց իր ելույթը, քաղաքացիները մոտեցան եւ տարաբնույթ խնդիրներով դիմեցին, սակայն միայն մեկն էր, որ քաղաքական հարցադրում փորձեց անել: Մինչ քաղաքական հարցին անցնելը նա նախ խոսեց Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ ցեմենտ» գործարանի առաջացրած մթնոլորտային փոշուց:
«Ցեմենտի փոշու դեմ պայքարը ո՞նց է լինելու»,- հարցրեց միջին տարիքի տղամարդը: «Համապատասխան ֆիլտրացիաները դրած ա, էսօր ցեմենտի գործարանը 50 տարի աշխատել ա, 1600 ընտանիք աշխատում են, ֆիլտրացիան էլ… եթե քեզ պարապած ասել են գնա Ծառուկյանին այդպիսի հարց տուր: Դու խոսացիր ես լսում էի չէ՞»,- ասաց Գագիկ Ծառուկյանն ու նորից կրկնեց, որ համապատասխան կառույցները ֆիլտրացիան ստուգել են եւ ոչ մի վտանգավոր խնդիր չկա: Նույն քաղաքացին հիշեցրեց, որ «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից Արգամ Աբրահամյանի հայրը՝ Հովիկ Աբրահամյանը, նախ մարզպետ է եղել, ապա՝ վարչապետ: «Վարչապետ ի՞նչ արեց, էս իրա ռայոնը չէ՞ր, քեզնով թող ինքը փոխեր»,- հանդիմանեց քաղաքացին: Գագիկ Ծառուկյանը նրան ընդհատեց, ապա հարցրեց անունը:
«Լսի, հիմա լսի, լսի Նորիկ ջան, լսի Նորիկ, քո դասատուն ո՞վ ա, մենակ ճիշտն ասա»,- հարցրեց Ծառուկյանը: «Իմ դասատուն ես եմ»,- պատասխանեց բանավեճի բռնված քաղաքացին: «Երեխուդ արեւ երդվի, քեզ ո՞վ ա ուղարկել»,- հարցրեց Ծառուկյանը, որին ի պատասխան տվյալ քաղաքացին երդվեց. «Տղուս ազիզ արեւ, ես եմ եկել»,- ասաց նա եւ նշեց, որ նամակով էլ է դիմել ԲՀԿ նախագահին:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: