Շոկային վկայություն Սոլժենիցինի բանտային կյանքից
ԳՈՂԳՈԹԱՅԻ ԽԱՉԸ
Գողգոթայի վրա բարձրացած Սուրբ Խաչին ակնարկելով Խրիմյան Հայրիկը իր քարոզներից մեկում ասում է․ «Երանի նրան, որ արժանի կդառնա Գողգոթայի վրայի պատրաստված մեղրի փեթակը համտեսելու»։
Պատմում են, թե ռուսական բանտում, ուր բանտարկված էր ականավոր գրող Սոլժինիցինը, ոչ մեկը իրավունք չուներ խոսելու։ Ոչ մի բան չկար կարդալու և նույնիսկ ոչինչ, դիմանալու կյանքի այդ տառապանքին։ Ինքը գիտեր, սակայն, որ եթե փորձեր փախչել, պիտի սպանվեր ու իր մտքում վերջ էր դրել այդ գաղափարին։
Մի օր տաժանակիր աշխատանքից հետո, երբ հանգստանում էր մի ծառի շուքի տակ, մարդկային մի ստվեր ճիշտ իր դիմացը կանգնած գալիս էր խանգարելու մեծ գրողի հանգիստը։
Սոլժինիցինը, որի հոգու կապերը վաղուց թուլացել էին կրոնի հետ, զարմանքով բարձրացնում է իր գլուխը, ու նրա աչքերը հանդիպում են նոր բանտարկյալին, որի դեմքի վրա նա կարծես մի պատգամ էր տեսնում, որը երբեք չէր տեսել որևէ այլ բանտարկյալի դեմքին։ Դա մի պատգամ էր սիրո, հոգածության ու մտքի հանգստության։
Մինչ նրանց աչքերը լռության մեջ իրար հետ զրուցում էին, նորեկը մի քայլ առաջ գալով, գետնից չորացած մի ճյուղ վերցրեց ու գետնի վրա խաչի նշան գծելով հեռացավ նրա մոտից։
Սոլժինիցինի իսկ խոստովանությամբ, մինչ նրա աչքերը մեխված մնում էին գետնի վրա գծված երկու գծերին, այդ պահին հույսի մի նոր ալիք բարձրանում էր նրա հոգում, որը իրեն խոսում էր սիրո ու հույսի մասին։
Իրապես էլ, երեք օրեր հետո Սոլժինիցինը բանտից ազատվեց։
Այսօր մենք բոլորովին կարիքը չունենք սպասելու որևէ մեկին, որ գա և մեզ պատգամի սիրո ու հույսի մասին և կամ գետնի վրա մեզ ցույց տա նշանը․․․ խաչի, հավատքի։ Մենք ազգովին դարերով քայլել ենք այդ «Խաչի ճանապարհից» ու դեռևս պիտի քայլենք․․․։
Վերցված է «Հայ Երուսաղեմ» ամսագրից, բացառիկ թիվ 48, Մարտ 2017
Ս․Թ․Վ․ Սանուց Միություն – խմբագիր Նահապետ Մելքոնյան
Հովսեփ քահանա Հակոբյանի հանրագրից