Մարուքյանն այդքան երես ունի
ԱԺ պատգամավորության թեկնածու, «Ելք» դաշիքի համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն այսօր հանդիպում է ունեցել Դարպաս համայնքի բնակիչների հետ, լսել բնակիչներին հուզող խնդիրների մասին, հայտնել, որ դրանք կլուծվեն, եթե ԱԺ-ում մեծամասնություն կազմեն ոչ իշխանական ուժերը:
«Ես եկել եմ այստեղ ձեզ ասելու, որ հինգ տարի հավատարմորեն պաշտպանել եմ վանաձորցու շահը: Ունեցել եմ մեկ մանդատ, այդ մեկ մանդատով ինչ կարողացել, արել եմ ու հպարտորեն ձեր ձայնը հնչեցրել եմ այնտեղ: Այլ բան է, որ այդ խնդիրը չի լուծվել»: Նախընտրական քարոզարշավի ընթացքում թեկնածուն հանդիպումներ ունեցավ նաև Վանաձորի տարբեր թաղամասերի բնակիչների հետ:
«Ես հիմա գտնվում եմ Վանաձորի այն ամենախոցելի հատվածում, որտեղ ոչ մի պաշտոնյա երես չունի գա, կանգնի ու խոսա ձեզ հետ: Ես երես ունեմ այնքանով, որ Ազգային ժողովում մի շարք անգամներ թե՛ վարչապետ Տիգրան Սարգսյանին, թե՛ վարչապետ Հովիկ Աբրահամյանին այս հարցով դիմել եմ»,-Վանաձորի Բանգլադեշ թաղամասի տնակային ավանի բնակիչների հետ հանդպման ժամանակ ասաց Էդմոն Մարուքյանը:
«Աշխատող չունեմ, ես ինքս էլ թոշակ չեմ ստանում, շատ ծայրահեղ այմաններում ենք ապրում: Եթե այ սենց մեր Էդմոն Մարուքյան նման մարդ մեզ շուտ հանդիպեր, մենք երևի օդերով գնալուց կլինեինք արդեն, երևի ճոպանուղին էլ կառուցված կլիներ արդեն, բայց մինչև հիմա նենց մարդիկ են եկել, որ հույսը տվել են, բայց լույս չեն տվել, ու մնացել ենք սենց մոլորված կանգնած»,-Henaran.am-ի հետ զրույցում անկեղծացավ ավանի բնակիչներից մեկը:
Է. Մարուքյանը ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին հանդես է գալու «Ելք» դաշինքի կազմում: «Երեք ուժերի միությամբ ստեղծված դաշինքը փորձելու է մարտահրավեր նետել իշխող կուսակցությանը: Եթե դուք ուզում եք, որ ձեր ձայնը հնչեցնող լինի նաև այսուհետ, կորող եք վերընտրել ինձ: Ձեր ձայնը տալով «Ելք» դաշինքին, դուք հնարավորություն կունենաք խորհրդարանում ունենալ ոչ թե մեկ, այլ տասնյակ պատգամավորներ: Պատգամավորը հիշեցրեց, որ «Ելք» դաշինքը քվեաթերթիկում առաջին համարն է: