Ոստիկանապետի դեմ քրեական գործ է հարուցվել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ոստիկանության պաշտոնյայի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա:
Մասնավորապես, քրեական գործով ձեռք բերված տեղեկությունների համաձայն, Գորիս քաղաքի բնաչուհի Լուիզա Ա.-ն 27.02.2017թ.-ին ոստիկանությանն ահազանգել էր այն մասին, որ որդին` Էդմոն Ա.-ն, ոստիկանության պաշտոնյայի կողմից ծեծի ենթարկվելու պատճառով մարմնական վնասվածքներով գտնվում է հիվանդանոցում:
Հաջորդ օրը դեպքի առթիվ Գորիսի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում հաղորդում է տվել նաև Էդմոն Ա.-ն` հայտնելով, որ 27.02.2017թ.-ին իրեն ծեծի է ենթարկել ոստիկանության Գորիսի բաժնի պետը` իր իսկ աշխատասենյակում` փորձելով այդ կերպ քաղաքացուն պատժել նույն բաժնի աշխատակցուհուն զանգահարելու և անհանգստացնելու համար: Բացի այդ, պաշտոնյան Էդմոն Ա.-ին հայհոյել և սպառնացել է վերջինիս նկատմամբ քրեական գործ հարուցել, եթե նա երկու օրվա ընթացքում քաղաքից չհեռանա:
Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, Գլխավոր դատախազությունից տեղեկացրել էին, որ «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել Է.Ա.-ի՝ «գլխուղեղի ցնցում՝ հարցականով» ախտորոշմամբ հիվանդանոց ընդունվելու մասին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում քաղաքացի Է.Ա.-ն հայտնել է, որ ոստիկանության Գորիսի բաժնի ՀՈԲ տեսուչին զանգահարելու և կարճ հաղորդագրություններ ուղարկելու համար 2017 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 14-15-ի սահմաններում, հրավիրվել է ոստիկանության Գորիսի բաժին, որտեղ բաժնի պետը բռնություն է գործադրել իր նկատմամբ, ապա սպառնալիքներ տալով՝ իրենից պահանջել երկու օրվա ընթացքում հեռանալ քաղաքից: