Ժողովուրդների միջեւ խաղաղությունը հնարավոր է․ Բակո Սահակյանի հարցազրույցը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Gazeta.ru-ին լայնածավալ հարցազրույց է տվել, որի ժամանակ անդրադարձել է մի շարք հարցերի։
Խոսելով Հայաստանի կողմից «Իսկանդեր»-ների ձեռքբերման մասին՝ Բակո Սահակյանն ասել է, որ նման զենքերի առկայությունը կայունացնող դեր է խաղում տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռության պահպանման հարցում:
«Նման զենքի ներկայությունը միանշանակ կայունացնող դեր է խաղում տարածաշրջանում ուժերի ռազմաքաղաքական հավասարակշռությունն ապահովելու հարցում։ Դրա պատճառը պաշտոնական Բաքվի ագրեսիվ և ապակառուցողական քաղաքականությունն է, որի «շնորհիվ» ուժը, ցավոք, մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման առավել արդյունավետ մեխանիզմն է»,- ասել է նա:
Խոսելով հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դերի մասին՝ Բակո Սահակյանն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահության ողջ ընթացքում Ռուսաստանն ակտիվորեն մասնակցել է բանակցային գործընթացին և կառուցողական դիրքորոշում ունի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
«Հենց նաեւ նրա ջանքերի և ուղղակի մասնակցության շնորհիվ է 1994 թվականին խաղաղություն հաստատվել և ստորագրվել Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների դադարեցման մասին անժամկետ պայմանագիր»,- ասել է նա՝ նշելով, որ ինչ վերաբերում է հակամարտության կարգավորմանը, ապա դրա համար անհրաժեշտ է նախ և առաջ վերականգնել բանակցային լիարժեք ձևաչափը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությամբ:
«Ինչպես արդեն նշել եմ, Բաքուն պետք է հրաժարվի իր մարդատյաց և ագրեսիվ գործողություններից, որոնք խաթարում են բանակցային գործընթացը, խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»,- ասել է նա։
Պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների միջև խաղաղություն՝ Արցախի նախագահն ասել է, որ հնարավոր է:
«Ես և Արցախի ողջ ժողովուրդը ոչ միայն հիշում ենք հակամարտության սկիզբը, այլև մինչ օրս ապրում ենք մի իրադրությունում, երբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը դեռևս լուծված չէ: Սակայն ես այդուհանդերձ վստահ եմ, որ ժողովուրդների միջև խաղաղություն հնարավոր է: Այս հարցն այլընտրանք չունի»,- ասել է նա։
Բակո Սահակյանը խոսել է նաեւ վերջերս տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեից։ Նա ասել է, որ Արցախում նոր սահմանադրության ընդունման նպատակը պետական կառավարման արդյունավետության բարձրացումն է:
«Նոր սահմանադրության ընդունումը օբյեկտիվ իրականության արտացոլումն է: Դրա հիմնական նպատակն է բարձրացնել պետական կառավարման արդյունավետությունը, կատարելագործել զսպումների համակարգը և իշխանական թևերի հակակշռումը, ապահովել մեր քաղաքացիների հիմնարար իրավունքներն ու ազատությունները, հետագայում զարգացնել և ամրապնդել անկախ պետականությունը»,- ասել է Բակո Սահակյանը: