“Ձեզ խելոք պահեք, պապան գալիս է”

Ինչպես եւ սպասվում էր, ՀՀ երկրորդ նախագահն արձագանքեց ԱԺ այն որոշմանը, որով Վարդան Օսկանյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից ու մեղադրյալի կարգավիճակով ներգրավվեց “Սիվիլիթասի” գործով ընթացող դատաքննության մեջ:
Դրանով, իբր, նախկին արտգործնախարարին հնարավորություն է տրվում դատական կարգով ապացուցելու իր անմեղությունը: Պարզ էր, որ հավատարիմ զինակիցներից մեկի նկատմամբ իրականացվող ակնհայտ քաղաքական հետապնդումը չէր կարող Ռոբերտ Քոչարյանի կողմից մատնվել անուշադրության: Եվ նա այսօր խոսեց:
Իհարկե, չի կարելի բացառել, որ Օսկանյանի շուրջ խաղարկվող դիպաշարը հենց նախագահական ընտրություններից առաջ Քոչարյանի իրական մտադրությունը եւս մեկ անգամ “տնտղելու” փորձ է կամ մեկը նախընտրական այն հնարքներից, որոնց պակաս ՀՀԿ քաղաքական զինանոցում, ըստ երեւույթին, չկա: Այսպես թե այնպես` Սերժ Սարգսյանը գրանցեց իր “գաղտնի” քայլը, որին հաջորդեց Քոչարյանի բավական խոսուն եւ որոշակի ներքին լիցքերով հագեցած պատասխանը:
Ամենից առաջ նախկին նախագահի համար անհասկանալի է, թե ինչու են, ընդհանրապես, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, դատախազությունը եւ խորհրդարանը խառնվում Ջոն Հանթսմանի, Վարդան Օսկանյանի ու նրա հիմնադրած “Սիվիլիթասի” “բարիդրացիական հարաբերություններին: Այսինքն, ոչ նախագահական, առտնին եզրութաբանությամբ ասած` կստացվի ընտանիքի գլխավորի նախատինք, թե` “լակոտներ, ինչո՞ւ եք քթներդ խոթում ձեզ չվերաբերվող գործի մեջ”:
Քոչարյանի գնահատմամբ` կատարվածը խորհրդարանի “ինքնավարկաբեկման ցցուն դեպք է”, որը հղի է երկրի հեղինակության համար բացասական հետեւանքներով: “… դա ամենեւին էլ այն չէ, ինչի կարիքն այսօր Հայաստանն ունի”,- հայտարարում է երկրորդ նախագահը` թափանցիկ ակնարկելով, որ գործող վարչակարգը լավ չի պատկերացնում ինչպես երկրի զարգացման գերակայությունները, այնպես էլ ներքին ու արտաքին մարտահրավերները: Եվ հորդորում է Հայաստանի ցավն ու դժբախտությունը փնտրել ուրիշ տեղ եւ բոլորովին այլ անձանց շրջանակում` ՀՀ ԱԳ նախկին նախարարից հնարավորինս հեռու:
Բարձր գնահատելով Օսկանյան-դիվանագետի եւ Օսկանյան-քաղաքական գործչի վաստակն ու պրոֆեսիոնալիզմը, նրա բացառիկ արդարամտությունը, Քոչարյանը գտնում է, որ այդպիսի «որակների եւ վաստակի համադրություն ունեցող մարդկանց պետք է փայփայել, այլ ոչ թե հետապնդել… Առավել եւս, որ նա շատ լուրջ ընտրազանգված ունեցող կուսակցություն է ներկայացնում”:
Կարծես թե հայտարարության ամբողջ “աղը” այս վերջին միտքն է, որտեղ, ի մասնավորի, կա նաեւ ԲՀԿ-ի “լուրջ ընտրազանգվածի” մասին հիշեցնող անսքող ակնարկ` չնայած հայտարարության մեջ “Բարգավաճի” անունը, կամա թե ակամա, շրջանցված է:
2013թ. փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին Քոչարյանը երբեք պաշտոնապես չի հայտարարել, եթե չհաշվենք լրագրային մի փոքր արտահոսք, որը զետեղել էր “Ժողովուրդ” օրաթերթը` վկայաբերելով մոսկովյան մի աղբյուր: Այսօրվա հայտարարության մեջ նույնպես բաց տեքստով ոչինչ չի ասվում, սակայն ԲՀԿ-ի հզորության մասին հիշեցումը, ինչպես նաեւ Օսկանյանի հետ կատարվածի “հիասթափեցնող անհեթեթության” հատուկ մատնանշումը, կարծես, բոլորին, այդ թվում ԲՀԿ-ին ուղղված ազդանշան է, թե` “ձեզ խելոք պահեք, պապան գալիս է”:
Գեւորգ Լալայան