”Խուլիգան” հայ աստղերը /ֆոտո/
Մանկության հուշերը ոչ միշտ են քաղցր լինում. մանկական հուշերում տպավորված են նաև մեր սարսափները: Հասուն տարիքում դրանք կարող են նույնիսկ ծիծաղելի թվալ, սակայն ժամանակին մեզ մեծ անհանգստություն էին պատճառում: Ես փորփրեցի հայտնիների մանկությունը, գտա նրանց սարսափներն ու այժմ ներկայացնում եմ ուշադրությանդ 🙂
Դավիթ Սեխպեյան. «Խուլիգան երեխա էի»
Դերասան, հաղորդավար Դավիթ Սեխպեյանը, հիշելով մանկության տարիները, նշեց, որ բավականին անվախ երեխա էր, սակայն ունեցել է մանկության սարսափ… դաշնամուրի դասերի գնալը 🙂 «Շատ խուլիգան երեխա եմ եղել: Փոքր տարիքում տարբեր սպորտաձևերի էի գնում ու բավականին ինքնավստահ էի, ֆիզիկական երևույթներից չէի վախենում: Մարմնիս վրա բազմաթիվ սպիներ կան. կարիճ էի պահում, կրակի հետ խաղում, նույնիսկ գյուրզա եմ պահել, սակայն դաշնամուրի դասերն իսկական սարսափ էին ինձ համար: Դասատուին չէի սիրում, շատ էր վիրավորում երեխաներին: Բացի դրանից, այն ժամանակ երաժշտություն չէի սիրում, սպորտով էի զբաղվում ու ինձ թվում էր` կարող է վնասել ինձ, զրկել ամեն ինչից` սպորտի գնալուց, ընկերներիս հետ շփվելուց,- խոստովանեց Դավիթը: Այն ժամանակ դերասանը վեց տարեկան էր, դաշնամուրի դասընթացներին էլ մոտ մեկ ամիս է գնացել, այն էլ` տանից դուրս էր գալիս, սակայն դասի չէր հասնում:
Դավիթն ընդգծեց, որ փոքրուց վախենում էր, որ կարող են անցնել իր «ես»-ի վրայով: «Եթե մի բան չէի ցանկանում, չէի անում, ինչպես հիմա: Այսինքն` եթե դաշնամուրն իմը չէր, թույլ չէի տալիս, որ փաթաթեն վզիս: Վեց տարեկանի խելքով ինձ թվում էր` իմ անձի վրայով անցնում են: Իհարկե, հիմա այդ կարծիքին չեմ,- ասաց Դավիթն ու հավելեց, որ դաշնամուր նվագել մինչ օրս չի սովորել ու երազում է ժամանակ ունենալ և դասերի գնալ: -Գլուխս պատերին եմ տալիս, որ չեմ սովորել, թեև հիմա կիթառ եմ նվագում»:
Լիա Զախարյան. «Սարսափ ֆիլմեր էի դիտում»
Սերիալային դերասանուհի Լիա Զախարյանը փոքր տարիքում շատ է վախեցել մթությունից: «Եթե երեկոյան պետք է գնայի խոհանոց` ջուր խմելու, դուրս գալուց դռնից էլ էի դուրս գալիս, ձգվում, մատիս ծայրով անջատում լույսն ու արագ վազում սենյակ,- հիշեց Լիան ու պատմեց, որ անգամ քնելուց լույսը միացրած էր թողում: – Ես քնում էի, հետո սենյակի լույսն անջատում էին»:
Լիան մթությունից վախեցել է մինչև տասներորդ դասարանը: Իր վախը նա կապում է այն հանգամանքի հետ, որ փոքր տարիքում սիրել է սարսափ ֆիլմեր դիտել. «Ուշադրությամբ ու հետաքրքրությամբ դիտում էի դրանք, սակայն հետո ինձ թվում էր, թե ինչ-որ բան պետք է ինձ բռնի: Անգամ մուտքի հարկերով բարձրանալիս վազում էի: Կարծում էի` եթե չվազեմ, հետևիցս հոգի կգա ու կբռնի ինձ»:
Թեև սարսափները վերագրում ենք մանկությանը, սակայն Լիան մինչ օրս էլ վախեր ունի. նա վախենում է, որ օձը կարող է մտնել իր սենյակ և կծել իրեն: Չնայած նա բազմահարկ շենքում է բնակվում, բայց ամեն օր թափ է տալիս անկողինը, նոր պառկում քնելու:
Նարինե Պետրոսյան. «Ինչ-որ մոգական բան կար այդ նկարում»
Դերասանուհի Նարինե Պետրոսյանի մանկության սարսափը կաթողիկոսի լուսանկարն էր: «Մենք երկհարկանի տանն էինք ապրում. հիմնականում երկրորդ հարկում էինք լինում և գրեթե չէինք լինում առաջին հարկում: Առաջին հարկի մեր գրքերի պահարանում կաթողիկոսներից չեմ հիշում՝ ում նկարն էր` սև հագուստով, խաչերով: Հենց մտնում էի սենյակ ու տեսնում այդ լուսանկարը, վախենում էի, վազելով բարձրանում երկրորդ հարկ,- ասաց Նարինեն և նշեց, որ վախն իրեն ուղեկցել է մինչև անցումային տարիքը, երբ վերջապես հասկացել է, որ դա ընդամենը նկար է: -Մինչ այդ ինձ համար ինչ-որ մոգական բան կար այդ նկարում»:
Իսկ ծնողները` որպես Նարինեին սաստելու, ինչ-որ բանում համոզելու միջոց կիրառում էին նրա սիրելի զբաղմունքից զրկելու սպառնալիքը: «Փոքրուց տարբեր ներկայացումների, ցուցադրությունների էի մասնակցում ու երբ նորմալ չէի ուտում, իսկ ես հիմնականում շատ քիչ էի ուտում, ծնողներս սպառնում էին, որ չեմ մասնակցի սպասվելիք ցուցադրությանը»,- հիշեց դերասանուհին:
Գրիգոր Կյոկչյան. «Սարսափում էի վերելակից»
Երգիչ, երգահան Գրիգոր Կյոկչյանը կես կատակ, կես լուրջ նշեց, որ փոքր ժամանակ մահացած մարդկանցից էր վախենում, հիմա` կենդանի: Երգիչն աշխույժ երեխա էր, սակայն վերելակով չի խաղացել, քանի որ դա նրա մանկության սարսափն է եղել: «Շունչս պահած սպասում էի` երբ եմ տեղ հասնելու: Ինձ թվում էր` ամեն վայրկյան կկանգնի ու կմնամ մեջը,- ասաց Գրիգորը, ով վախը հաղթահարել է այն ժամանակ, երբ իսկապես մնացել է վերելակի մեջ,- հասկացա, որ սարսափելի ոչինչ չկա: Կարծում եմ` ցանկացած երևույթի հանդեպ վախը կարելի է հաղթահարել բախվելով այդ երևույթին»:
«Մեշոկ պապիկին» կանչելու սպառնալիքով ծնողները չէին կարող վախեցնել Գրիգորին, փոխարենը, նրան սաստելու համար ասում էին, որ եթե խելոք չմնա, Ձմեռ պապիկն իրեն նվեր չի բերի: Իսկ փոքրիկ Գրիգորը, ով բավականին երկար ժամանակ հավատացել է Ձմեռ պապու գոյությանը, դրանից «սարսափում» էր:
Նաիրա Դիլանյան. «Անձրևի ժամանակ հիստերիայի մեջ էի ընկնում»
Սերիալային դերասանուհի Նաիրա Դիլանյանը մանկուց մի շարք վախեր է ունեցել, որոնց մի մասը պահպանվել է մինչ օրս: «Ինձ ճանաչողները նույնիսկ ապշում են, որ ես այդ աստիճան վախկոտ եմ»,- խոստովանեց նա: Նառայի համար մանկության սարսափն են եղել գերեզմանները, հիվանդանոցները, տանը մենակ մնալը, մթությունը, կատուները և անգամ` անձրևը: ՙԱնձրևից, ամպրոպից շատ էի վախենում, ինձ թվում էր` ուր որ է աշխարհը փուլ կգա: Անձրևի ժամանակ հիստերիայի մեջ էի ընկնում, կարծում էի` ջրհեղեղ է լինելու,- ասաց նա` հավելելով, որ տանը մենակ մնալն էլ մի ուրիշ սարսափ էր,- մինչև հիմա, երբ մութն ընկնում է, ու տանը մենակ եմ լինում, դուրս եմ գալիս, դռան մոտ սպասում եմ մինչև տան անդամները հասնեն: Միայնակ էլ տեղ չեմ գնում»: Նաիրայի դեպքում գուցե զարմանալի լիներ, եթե նա նշեր մի բան, ինչից չի վախենում կամ վախեցել. փոքր տարիքում նրան սարսափեցրել է նույնիսկ քամին, իսկ այն, որ լույսը միացրած է քնել, թերևս, արդեն տրամաբանական է: Նառայի վախերը պատճառ են դարձել, որպեսզի նրանք տեղափոխվեն սեփական տուն, քանի որ, ըստ նրա, այնտեղ անձրևի, ամպրոպի, քամու ձայնն ավելի քիչ է լսվում, բացի դրանից, այդպես իրեն ապահով է զգում: «Շենքում, որտեղ ապրում էինք նախկինում, որոշակի բարձրության վրա էի գտնվում, ինչն անապահով էր թվում, իսկ սեփական տանը հողին կպած եմ ու ինձ ավելի հանգիստ եմ զգում»,- ասաց Նառան:
Ջուս. «Երևակայական սարսափներ էի ստեղծում»
Երգչուհի Ջուսն էլ է մանկության տարիներին սարսափ ունեցել. «Бармалей»-ից, գայլերից էի վախենում: Տատիկս ասում էր` եթե չքնես, գայլը կգա, ու ես հավատում էի դրան»: Չնայած դրան` երգչուհին փոքր տարիքում սարսափ ֆիլմեր է դիտել, թեև վախենալով 🙂
Երգչուհին նշեց, որ ինքն աշխույժ և անվախ երեխա էր, իսկ սարսափները ձևավորվել են վառ երևակայության շնորհիվ: «Հաճախ ես ինձ համար երևակայական սարսափներ էի ստեղծում և տրամադրվում, որ դա այդպես է»,- նկատեց երգչուհին: Նա վախեցել է նաև միջատներից, որոնք, իր պատկերացմամբ, վազվզում էին իր բարձի վրայով. «Չէի կարողանում գլուխս դնել բարձին: Մտնում էի վերմակիս տակ, պատկերացնում էի, թե դա տիեզերանավ է, ու վերմակիս տակ ինձ պաշտպանված էի զգում :)»: