ԱՄՆ-ում բացվել է աթեիստներին նվիրված աշխարհում առաջին հուշարձանը
“Ամերիկյան աթեիստները” Ֆլորիդայի Սթարք քաղաքում տեղադրել են աթեիզմին նվիրված առաջին հուշարձանը, գրում է “Miami Herald” թերթը:
Հուշարձանը տեղադրվել է շրջանային դատարանի շենքի մոտ` տեղի քրիստոնեական համայնքի “10 պատվիրանների հուշարձանի մոտ”, որի ապամոնտաժումն էին պահանջում ակտիվիստները: Ներկայացված հայցի համաձայն` կրոնական հուշարձանը կառուցված է պետական հողում, ինչը հակասում է ԱՄՆ-ի օրենսդիր նորմերին: Աթեիստները ետ են վերցրել իրենց հայցը միայն երբ քաղաքի իշխանությունները նրանց թույլ են տվել այդ հուշարձանի կողքին կառուցլ սեփական հուշարձանը:
Հուշարձանն իրենից ներկայացնում է գրանիտե նստարան եւ ցուցատախտակ, որի վրա փորագրված են ԱՄՆ-ի հիմնադիր-հայրերի եւ կազմակերպության ղեկավար Մեդլին Մյուրեյ Օ’Հեյրի խոսքերը, ինչպես նաեւ այն պատիժները, որոնք կիրառվում են Աստվածաշնչի 10 պատվիրանները խախտելու համար` քարկոծվելը եւ մահապատիժը:
Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել շուրջ 200 մարդ, այդ թվում` շարժման ղեկավար Դեյվիդ Սիլվերմանը: Կրոնական ակտիվիստներն էլ իրենց հերթին բողոքի ակցիա են կազմակերպել` կոչ անելով աթեիստներին հեռանալ եւ եկեղեցական երգեր են լսել:
Կազմակերպության ֆեյսբուքյան էջում նշվում է, որ կազմակերպությունը պատրաստվում է նման եւս 50 հուշարձան կառուցել այն վայրերում, որտեղ արդեն կան կրոնական հուշարձաններ: