Իշխանությունը ԱԺ-ում ՛՛զադնի՛՛ է տալիս

՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն այսօր Ազգային ժողովում մեղադրեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նա նշեց, որ Տարոն Մարգարյանը քաղաքապետ է, և նրա գործողությունները Սահմանադրությամբ ու օրենքով են սահմանափակվում, սակայն քաղաքապետը չարաշահել է իր դիրքն ու իր լիազորությունները:
՛՛Երբ մարդը մի քանի տարվա մեջ հսկայական հարստություն ձեռք բերի, ուրախ կլինենք, երբ մեր քաղաքացին հարստանա մի քանի տարվա մեջ, բայց երբ քաղաքապետն է ձեռք բերում հարստություններ՝ ստանալով մի քանի հարյուր հազար դրամ, հասկանում ենք, որ եղել է չարաշահում, յուրացում՛՛,-ասաց նա:
Փոստանջյանը հիշեցրեց, որ դատախազը մտավ Ազգային ժողով և Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու փաստաթուղթ ներկայացրեց, սակայն այդ դեպքում տուժող կողմ չկար:
՛՛Պարզվում է տուժող չկա, ՛՛Սիվիլիլթաս՛՛ հիմանդրամն ինքն է հայտնում, որ ինքը չի տուժել, ամոթ մեզ՛՛,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ այս դեպքում չարաշահումներն ակնհայտ են, սակայն իրավապահ մարմիններից և ոչ մեկը չի փորձում իր աշխատանքն անել ու ձերբակալել քաղաքապետին կամ մյուս պաշտոնյաներին, ովքեր ՎՊ-ի զեկույցի համաձայն՝ յուրացումներ են արել:
Փոստանջյանն ասաց, որ մի քանի օր առաջ իշխանությունը քննադատում էր, իսկ հիմա իշխանության ներկայացուցիչն ասում է, թե կիսափոշիացում է եղել: ՛՛Փոխել եք ձեր տրամադրությունները, այլևս ալանի ու թալանի մասին չեք խոսում՛՛:
Պատգամավորը շեշտեց, որ եթե ՎՊ-ի հաշվատվությունը թատրոն չէ, Իշխան Զաքարյանն էլ դրա սցենարի հեղինակը չէ, ապա նա պետք է այս զեկույցը իր բոլոր դրվագներով ներկայացնի դատախազություն:
՛՛Իհարկե, հասկանում եմ ձեզ, դուք էլ եք կաշկանդված, որովհետև ապրում եք մի շքեղ առանձնատանը, որտեղ ուրիշներն են ներդրումներ անում, ես ամեն ինչ հասկանում եմ՛՛,-Փոստանջյանը հավելեց, որ հիմա դահլիճում տիրում է ՛՛զադնի տալու՛՛ տրամադրություն:
Փոստանջյանը շեշտեց, որ իր մոտ ցանկություն չկա Տարոն Մարգարյանին կամ որևէ այլ պաշտոնյայի տեսնել ՛՛Նուբարաշեն՛՛ ՔԿՀ-ում, սակայն ՛՛ այսօր մենք չպիտի թույլ տանք, որ հասարակության գումարները նորից տանեն, հսկայական, աղաղակող գումարների մասին է խոսքը, ես քաղաքապետի գործունեությանն անդրադարձա, բայց խոսքը միայն նրան չի վերաբերում:
Վերջ ի վերջո մենք պետությո՞ւն ենք, հասարակությո՞ւն ենք, մեր խղճի հետ պետք է համահունչ ապրենք, թե՞ ոչ՛՛: