Թուրքիան գրավոր արձագանքել է Հռոմի պապի հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը
Օրերս Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Ներսես Բեդրոս XIX պատրիարքի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը հայերի նկատմամբ է իրականացվել: Թուրքիան արձագանքել է Հռոմի պապի այս հայտրարությանը: Թուրքական ԶԼՄ-ները գրում են, որ Թուրքիայի արտաքին գերատեսչության կողմից տարածվել է գրավոր հայտարարություն, որտեղ մասնավորապես ասվում է.
“Օսմանյան կայսրության վերջին տարիներն ամբողջ կայսրության համար ողբերագական են եղել և թուրքերը, հայերը և այլ ազգերը շատ դառնություններ են ապրել: Անհրաժեշտ է ընկալել այդ ժամանակաշրջանի բոլոր կողմերը և հարգանք ցուցաբերել մեծ թվով զոհերի հանդեպ:
Այդ պատճառով Թուրքիան առաջարկել է թուրք և հայ պատմաբանների մասնակցությամբ համատեղ հանձնաժողով ստեղծել, Հայաստանի և այլ երկրների արխիվներում 1915 թ դեպքերը ուսումնասիրել և ապա հետազոտության արդյունքները միջազգայիւն հանրությանը ներկայացնել:
Սակայն հայկական կողմի հայացքը պատմությանը կողմնակալ է և միայն հայերի ողբերգությունն է ներկայացնում: Հայկական կողմը տեղի ունեցածը տարբեր ձևերով չափազանցնում է ` ջանալով ներկայացնել որպես ցեղասպանություն` միջազգային իրավունքում ամրագրված հանցագործություն:
Պապից ակնկալվում է, որ իր հոգևոր պաշտոնի պատասխանատվության շրջանակներում, պատմական իրադարձություններից թշնամություն սերմանելու փոխարեն համաշխարհային խաղաղության մեջ ներդրում կունենա»: