Քրիստոսը խոստացավ նրանց փսխել Իր բերանից
Ոչ մի դարաշրջան քրիստոնեական հոգու համար այնքան գայթակղիչ և վտանգավոր չի եղել, որքան մեր դարաշրջանը: Գուցե եղել է ավելի տանջալի և ավելի դժվար ժամանակաշրջան, ինչպես օրինակ, մարտիրոսների դարաշրջանը, երբ նրանք ահեղ տանջանքների և ահավոր մահվան էին դատապարտվում: Սակայն մինչ այս երբեք չեն եղել գայթակղության առումով այսքան վտանգավոր ժամանակներ: Գիտական և հատկապես տեխնիկական նվաճումները, որոնք եղել են մարդկային կյանքը հեշտացնելու նպատակով, իրականում, ընդհակառակը, կյանքը հեշտացնելու փոխարեն մարդկանց շատ հաճախ գցում են իրենցից կախվածության մեջ:
Այսօրվա շատ գովազդներ, նկարներ կամ արվեստի գործեր իրենց մեջ թաքնված հատուկ ենթատեքստ ունեն, որոնք ազդում են մարդկային գիտակցության վրա: Օրինակ` որևէ հագուստ գովազդող փողոցում տեղադրված գովազդային հսկա պաստառն իր գայթակղիչ նկարով մարդուն կարծես Ոդիսևսի պատմության մեջ հիշվող առասպելական թռչունների պես անլսելի, բայց անընդհատ ձայնելով քաշում է իր կողմը և ասում. «Շնացիր, հաճույք վայելիր»: Անառակություններ ցույց տալով նույնն է ասում նաև հեռուստացույցը
` միևնույն ժամանակ առաջարկելով սպանությունների ահավոր տեսարաններ: Իսկ համակարգիչը իր ծառայություններից միայն տասը րոպեով օգտվելու համար մտադրված մարդուն կարծես կախարդում է և նրանից ժամեր խլելով` լավագույն դեպքում մարդկային հոգուն միայն դատարկության զգացումների է դատապարտում:
Այո, շատ դժվար էր մարտիրոսների համար, անտանելի էին նրանց չարչարանքներն ու մահը, սակայն այն ժամանակ կողմնորոշվելը հավանաբար ավելի հեշտ էր`կամ կուռքերին պիտի երկրպագես կամ` Աստծուն: Մինչդեռ այժմ, երբ աշխարհի մեծ մասը քրիստոնեացել է, մարդը չի կարողանում կողմնորոշվել, արդեն հեղհեղուկ են դարձել բարու եւ չարի սահմանները, մարդը չի կարողանում կողմնորոշվել, թե որտեղ է վերջանում մամոնայի պաշտամունքը, և որտեղ է սկսվում Աստծո պաշտամունքը:
Ասում են, որ «Մենք առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը» նախադասության մեջ հայերին միայն սրտամոտ և դուրալի է «առաջին» բառը: Իրոք, մեզանից շատերը հաճախ անունով քրիստոնյա, բայց էությամբ հեթանոս են: Շատերս սիրում ենք հպարտանալ միայն անցյալով` մոռանալով, որ մեր ներկան հաճախ միայն անցյալի ավերակն է: Որքան դիպուկ է ասված կարծես մեր ժամանակների շատ քրիստոնյաների մասին Հայտնության գրքում.
«Գիտեմ քո գործերը, դու, որ ոչ սառն ես եւ ոչ տաք» (3.15): Ոչ սառը նշանակում է, որ մարդը քրիստոնյա է, ոչ տաքը նշանակում է, որ մարդը Քրիստոսի Եկեղեցու անդամ լինելով` իր ապրած կյանքի պատճառով զուրկ է աստվածային շնորհից: Լսենք, թե շարունակությամբ ինչ է ասում Քրիստոս.
«Երանի դու սառն լինեիր և կամ տաք. իսկ դու գաղջ ես` ոչ տաք, ոչ էլ սառն, հիմա պիտի փսխեմ քեզ Իմ բերանից, չգիտես, թե ողորմելի ես դու, թշվառ և աղքատ, մերկ և կույր» (2 16): Մենք հաճախ ենք ձգտում բարօրության այս կյանքում: «Ինչ օգուտ կունենա մարդ,- ասում է Քրիստոս,- եթե այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կործանի» (Մատթ. 17.26):
Մարդկային անձը, հոգին ամենաթանկ բանն է, և այն փրկելու համար պետք է հետևել Քրիստոսին նույնիսկ նեղությունների և չարչարանքների մեջ: Եկեք անկեղծ լինենք, այսօրվա բազմաթիվ քրիստոնյաներ գաղջ են, այսինքն` միայն անունով քրիստոնյա, շատ հեռու են Քրիստոսի հաստատած Եկեղեցուց կամ էլ շատ սահմանափակ գիտելիքներով և միայն մոմ վառելով կարծում են, թե ապրեցին իրենց քրիստոնեական կյանքը:
Զարմանալին կամ ահավորն այն է, որ մարդիկ նույնիսկ չեն էլ անհանգստանում դրա համար: Սուրբ Եփրեմ Ասորին ասում է, որ երկու մկրտություն կա մեկը ջրով և Սուրբ Հոգով, իսկ մյուսը նահատակությունը: Սրանցից որևէ մեկի բացակայության դեպքում մարդը չի կարող փրկվել: Սակայն նա նշում է նաև, որ նահատակությունը միայն տեսանելի արյուն թափելով թշնամուն հաղթելը չէ, այլ նաև ներքին պատերազմ մղելով սատանային հաղթելը: Ուրեմն կողմ դնենք մեր գաղջությունը եւ ներքին պատերազմ մղելով
այս կյանքում արժանապատվությամբ նահատակվենք` արժանանալով Երկնքի Արքայության:
Ադամ քահանա Մակարյան
«Քրիստոնեության իսկությունը» գրքից