26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նոր նշանակումներ Բուլղարիայի հայոց թեմում

Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդ` Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի կարգադրությամբ թեմում նոր նշանակումներ են կատարվել:
Ս.թ. նոյեմբերի 5-ից Արժանապատիվ Տ. Բարթուղիմեոս քահանա Հակոբյանը ազատվել է Վառնայի <<Ս. Սարգիս>> եկեղեցու հոգևոր հովվի պաշտոնից և նշանակվել թեմի փոքր ծխերի` Դոբրիչի, Շումենի, Սիլիստրայի, Սլիվենի, Խասկովոյի, Ստարա Զագորայի և Պազարջիկի հայկական եկեղեցիների այցելու  հովիվ:
Միաժամանակ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրամանով Բուլղարիայում հոգևոր ծառայության կոչված Արժանապատիվ Տ. Հրաչյա քահանա Գյոզալյանը նշանակվել է Վառնայի Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ:
ՔԱՀԱՆԱՅԻՑ ԺՈՂՈՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԵՄՈՒՄ
Ս.թ. նոյեմբերի 19-ին, Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդարանում, օրհնությամբ և նախագահությամբ  Առաջնորդ` Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի, տեղի ունեցավ Քահանայից ժողով, որին ներկա էին թեմի հոգևորականները:
Ժողովի ընթացքում քննարկվեցին եկեղեցական-ծիսական, հրատարակչական, թեմական մի շարք հարցեր: Որոշվեց ձեռնարկել աշխատանքներ թեմում հոգևոր, ազգային-եկեղեցական կյանքի աշխուժացման ուղղությամբ:
Քահանայից ժողովը միաձայն որոշեց առավել հաճախադեպ կազմակերպել ուխտագնացություններ դեպի սրբավայրեր Հայաստանում և Սփյուռքի հարևան թեմերում, ինչպես նաև Երուսաղեմում: Ուխտագնացությունների կազմակերպման պատասխանատու նշանակվեց Արժ. Տ. Բարթուղիմեոս քահանա Հակոբյանը:
Առաջնորդ Հայր Սուրբը  ողջունեց վերջին շրջանում քահանաների կողմից նախաձեռնված հավատացյալների փոխայցելությունները ծուխեր և հոգևոր հայրերեին հորդորեց շարունակել այդօրինակ հանդիպումները: Կարևորվեցին նաև հոգևորականների այցելությունները հիվանդներին, տկարներին,  հայ բանտարկյալներին:
Քահանայից ժողովը վերահաստատեց ամեն տարվա դեկտեմբեր ամսվա առաջին տասնօրյակում տարեկան հաշվետվություն ներկայացնելու և հունվարի 5-ին Նուռօրհնեք կատարելու որոշումը: Միաժամանակ որոշվեց նույնականացնել Թեմում գործածվող բլանկները: Աշխատանքների ղեկավարությունն ստանձնեց Արժ. Տ. Հրաչ քահանա Մուրադյանը:
Ժողովականներն անդրադարձան նաև Բուլղարահայոց թեմի եկեղեցիներում առկա սրբությունների գույքագրման խնդրին: Որոշվեց հարցը ներկայացնել Թեմական խորհրդի հատուկ ուշադրությանը: Առաջարկվեց նաև, տեսանելի ապագայում ավարտին հասցնել թեմում առկա սրբությունների տպագիր հավաքածու գրքույկի տպագրությունը: Միաժամանակ հատուկ ուշադրության առարկա դարձան հնարավոր պարագայում նոր թանգարաններ հիմնելու, հնամյա գրքերի նորոգման ու խնամքի, եկեղեցական զգեստների, ինչպես նաև եկեղեցական սրբությունների վերանորոգման աշխատանքների հարցերը:
Քննարկվեցին եկեղեցիներին կից գործող Կիրակնօրյա դպրոցների համար արևմտահայերենով դասագրքեր ձեռք բերելու, ինչպես նաև թեմում արևմտահայերենով Աստվածաշունչ ունենալու հարցը: Քաջալերվեց վերջին տարիներին Արժ. Տ. Բարթուղիմեոս քահանա Հակոբյանի կողմից կազմված և հրատարակված մի շարք գրքերի ու բրոշուրների աշխատանքը: Առաջնորդ Հայր Սուրբը հորդորեց  առավել պատրաստակամությամբ և ընդհանրական նպաստով ձեռնարկել այսօրինակ աշխատանքները: Համաժամանակ ներկայացվեցին որոշ նոր հրատարակություններ: Հավանության արժանացավ յուրահատուկ մեծ օրացույցի և Պատարագամատույցի եռալեզու տարբերակի հրատարակության հարցը:
Նկատի ունենալով, բավական ժամանակ ուշադրության արժանացած` Բուլղարիայի հայոց թեմի պատմություն ունենալու հարցը, որոշում ընդունվեց նպատակային աշխատանքներ տանել փաստաթղթերի որոնման, նյութերի համակարգման և Թեմի ընդհանրական պատմության շարադրման նախապատրաստության ուղղությամբ: Աշխատանքների պատասխանատվությունը դրվեց Արժ. Տ. Պողոս քահանա Միքայելյանի և Արժ. Տ. Հրաչյա քահանա Գյոզալյանի վրա:
Առաջարկվեց եկող տարվա Ս. Զատիկի տոնից անմիջապես հետո Թեմի կտրվածքով կազմակերպել Բարեգործական մեծ հանդիսություն: Հանդիսության հիմնական նպատակն է`  թեմական ողջ աշխատանքային ռեսուրսի և անհատ անձանց մեկտեղումը մեկ ընդհանուր հարկի տակ, ինչպես նաև հայ կյանքի մեջ նշանակալի ավանդ ունեցող անհատականություններին գնահատանքի արժանացնելը: Հանդիսությունը կուղեկցվի հանգանակությամբ ի նպաստ Սոֆիայի առաջնորդանիստ ,,Սուրբ Աստվածածին,, եկեղեցու շինարարական աշխատանքների ավարտի: Հանդիսության կազմակերպման հանձնախումբը կղեկավարի հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը:
Ժողովը փակվեց աղոթքով: Հավարտ ներկաները մասնակցեցին Սիրո ճաշի:
ՍՈՖԻԱՅԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ԵԿԵՂԵՑՈՒՄ ԱՄԵՆԱՅՆ ՍՐԲՈՑ ՏՈՆԻՆ ՄԱՏՈՒՑՎԵՑ ՍՈՒՐԲ և ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ
Ս.թ. նոյեմբերի 19-ին, հավարտ Քահանայից ժողովի Սոֆիայի Առաջնորդանիստ <<Սուրբ Աստվածածին>> եկեղեցում, հանդիսապետությամբ Թեմակալ Առաջնորդ հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Պլովդիվի <<Ս. Գևորգ>> եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Հրաչ քահանա Մուրադյանը:
Պատարագի ընթացքին, քարոզիչ Հայր Սուրբը շնորհավորելով ներկաներին, իր խոսքի մեջ անդրադարձավ օրվա խորհրդին, մասնավորապես նշելով. <<Քրիստոսէ զատ մենք շատ  օրինակներ ունինք և պարտինք հետևիլ սրբոց օրինակին: Հենց միայն այն պատճառավ, որ եթե մենք կըրնանք ապրիլ առանց մեր ժողովուրդի, ապա մեր ժողովուրդ առանց մեզի չըպիտի կըրնայ…>>:
Հավարտ Պատարագի, Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանն ի գնահատություն երկարամյա  հոգևոր ծառայության, թեմի ամենատարեց սպասավոր Արժանապատիվ Տ. Գևորգ քահանա Խաչերյանին քահանայից դասի անունից հանդիսավորապես հանձնեց Ս. Գևորգ Զորավարի սրբապատկերը:
Սուրբ և Անմահ Պատարագին ներկա էին բազմաթիվ հավատացյալներ, այդ թվում` Բուլղարիայում ՀՀ դեսպանատան աշխատակիցները:
Բուլղարահայ մանուկներին հանձնվեցին ՀՀ Կրթության և Գիտության նախարարության Շնորհակալագրեր
Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի տոնակատարությունների շրջանակում, ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ Կրթության և Գիտության նախարարությանն առընթեր Գեղագիտության ազգային կենտրոնը Սփյուռքի հայկական դպրոցների աշակերտների համար կազմակերպել էր նկարչական մրցույթ, որին ներկայացված նկարները տեղ են գտել բացառիկ հավաքածուի մեջ:
Այս տարվա ամռանը, Բուլղարահայոց Առաջնորդ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի, Բուլղարիայում ՀՀ Դեսպանատան խորհրդատու` Տիկին Նելլի Մաթևոսյանի, Սոֆիայի Համադրիչ խորհրդի նախաձեռնությամբ և ՀԲԸՄ, ՀՄԸՄ հայկական կազմակերպությունների աջակցությամբ ծրագրին իրենց մասնակցությունը  բերեցին հայ մանուկները, որոնց աշխատանքները ևս ուղարկվեցին Հայաստան:
Ս.թ. նոյեմբերի 20-ին, Սոֆիայի <<Ս. Աստվածածին>> հայոց եկեղեցում տոնախմբություն էր: Ս. Պատարագի ավարտին Առաջնորդ Հայր Սուրբը կատարեց Մանուկների օրհնության կարգ կատարեց, ապա  խմբված մանուկներին հանձնվեցին շնորհակալագրեր:
Նույն օրը, հառիթ հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի  ծննդյան տարեդարձի, ՀՕՄ Սոֆիայի մասնաճյուղի Կիրակնօրյա մանկապարտեզի սաները ևս պատրաստել էին անակնկալ: Իրենց ուսուցիչների՝ Տիկին Վարդանուշ Մանուելյանի և Տիկին Սնեժանա Հովակիմյանի գլխավորությամբ մանկահասակ երեխաները ծաղիկներ և նվերներ  փոխանցեցին Առաջնորդ Հորը, ինչպես նաև  ներկայացրին գեղարվեստական ծրագիր: Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում և եզրափակվեց ընդհանրական լուսանկարով:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ