Բաղդադն Անկարային սպառնում է ուժ կիրառել
Իրաքի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի անդամ և ազգային անվտանգության նախկին խորհրդական Մուվաֆաք էլ Ռուբային առաջարկել է Իրաքի Բաշիքա շրջանում գտնվող թուրքական զորախմբին ուժով վտարել երկրի սահմաններից:
«Եթե բոլոր դիվանագիտական ճանապարհներով չի հաջողվում Թուրքիայի որոշումը փոփոխության ենթարկել, ապա Իրաքի կառավարությունը Անկարայի կողմից մեր երկրի սուվերենությանն ուղղված ագրեսիայի դեմ ռազմական միջամտություն է իրականացնելու»,-ըստ թուրքական «Gercekgundem» լրատվակայքի`ասել է Ռուբային:
Թուրքական լրատվամիջոցները իրաքյան կողմից հնչած այս հայտարարությունն ընկալել և մատցում են որպես Բաղդադի սպառնալիքը՝ ուղղված Անկարային:
Վերջինս հիշեցրել է, որ ավելի վաղ Իրաքի խորհրդարանում նիստ էր կայացել, որի ժամանակ որոշում էր ընդունվել Մոսուլ քաղաքի սահմանները պաշտպանել, ինչպես նաև համապատասխան քայլեր ձեռնարկել արտաքին միջամտությունների դեմ:
Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերի 10-ին թուրքական ստորաբաժանումներն առանց Իրաքի կենտրոնական իշխանությունների թույլտվության ներխուժել էին իրաքյան Քուրդիստանի Մոսուլ քաղաքից 30կմ հեռավորության վրա գտնվող Բաշիքա շրջան և հաստատվել ավելի վաղ թուրքերի կողմից հիմնած ռազմակայանում: Թուրքական կողմի պնդմամբ` իրենց զորախումբը նպատակ ունի մարզել իրաքյան Քուրդիստանի զինված ուժերի` Փեշմերգայի զորաջոկատները` «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ մղվող մարտերի համար: