Գրիգորի Այվազյանը կարող է մասնակցել Ադրբեջանի նախագահական ընտրություններին
Գրիգորի Այվազյանը կարող է գրանցվել Ադրբեջանի նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու համար այն դեպքում, եթե համապատասխան փաստաթղթերը ներկայացվեն օրենսդրության համաձայն: Այս մասին “1news.az”-ին է հայտնել Ադրբեջանի ԿԸՀ-ի մամլո քարտուղար Ազեր Սարիեւը` անդրադառնալով “Ադրբեջանի հայերի միության” նախագահ Գրիգորի Այվազյանի` Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրությունը:
Այվազյանն իր հերթին հայկական ԶԼՄ-ներին հայտնել է, որ “իրենք համախոհների մեծ բանակ ունեն եւ պատրաստ են մեկնել Բաքու, հենց որ անվտանգության երաշխիքներ ստանան”:
Սարիեւը հավելել է, որ ցանկացած քաղաքացի` անկախ ազգությունից` լինի դա հայ, թե ադրբեջանցի, կարող է մասնակցել նախագահական ընտրություններին, ինչն ամրագրված է Ադրբեջանի սահմանադրությամբ: “Եթե Գրիգորի Այվազյանն ունի Ադրբեջանի քաղաքացիություն, ապա նա իրավունք ունի դիմել Ադրբեջանի ԿԸՀ”,-նշել է նա:
Ադրբեջանի նախագահական ընտրությունները կկայանան 2013-ի աշնանը: