Այսօր Ջոն Լենոնի ծննդյան օրն է /վիդեո/
1940-ի հոկտեմբերի 9-ին Անգլիայի Լիվերփուլ քաղաքում է ծնվել աշխարհի թերեւս ամենահայտնի ռոք խմբի` “Բիթլզ”-ի վոկալիստ եւ կիթառահար, բանաստեղծ, կոմպոզիտոր, նկարիչ, լեգենդար Ջոն Լենոնը: Ընդհանրապես Լենոնի կյանքում նրան միշտ “հետապնդել է” 9 թիվը` ծնվել է 9-ին, մահացել` 9-ին, 9-ին կայացել է իր մենեջեր Բրայան Էփսթայնի եւ 2-րդ կնոջ` Յոկո Օնոյի հետ հանդիպումը, նա հաճախ ապրել է 9 համարի տներում` ծննդատնից մինչեւ հյուրանոցային համարներ: 9 թիվը շատ է հանդիպում նաեւ նրա երգերում` “One after 909”, “Revolution 9”, “Number 9 dream” եւ այլն:
Բացի իր երաժշտական գործունեությունից Լենոնը հայտնի էր նաեւ որպես քաղաքական ակտիվիստ: Իր քաղաքական հայացքները նա արտահայտում էր ոչ միայն իր երգերում, այլ նաեւ հրապարակային ելույթներում: Լենոնի հայտնի “Imagine” երգում երաժիշտը ներկայացնում է իր մտքերը` ինչպիսին պիտի լինի աշխարհը: Նա դասախոսություններ էր կարդում մարդկանց եղբայրության եւ հավասարության, խաղաղության եւ ազատության մասին, ինչն էլ նրան դարձրեց “հիփի” շարժման հետեւորդների կուռքը եւ 1960-70-ականների ամենաականավոր հասարակական գործիչներից մեկը: Այս գործում նա միայնակ չէր: Բացի ընկերներից եւ գաղափարակիցներից, նրա կողքին էր կյանքի հավատարիմ ընկերը եւ կինը` ավանգարդ նկարչուհի Յոկո Օնոն, ում հետ նրանք երազում էին փոխել աշխարհը: Լենոնը հաճախակի է նշել. “Մենք Ջոնը եւ Յոկոն չենք: Մենք մեկ հոգի ենք 2 մարմնում”:
2002-ին “BBC” մեդիակորպորացիան հարցում է անցկացրել` պարզելու բոլոր ժամանակների ամենահեղինակավոր բրիտանացիներին: Ջոն Լենոնը հայտնվել է 8-րդ տեղում: “The Rolling Stone” ամսագրի` աշխարհի 50 ամենահզոր կատարողների ցանկում Լենոնը կրկնակի է ընդգրկվել` 1-ին տեղում` “Բիթլզ”-ի կազմում եւ 38-րդ տեղում` անհատական: Բրիտանական “Classic Rock” ամսագիրը Լենոնին ընդգրկել է բոլոր ժամանակների լավագույն կիթառահարների ցանկում: