Մեծանուն հայը նշում է 89-ամյակը /վիդեո/
Այսօր իր 89-ամյակն է նշում հայազգի մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրը:
Վաղինակ Ազնավուրյանը` նույն ինքը` Շառլ Ազնավուրը, ծնվել է 1924-ի մայիսի 22-ին: Մեծ շանսոնյեն երգել սկսել է 9 տարեկանից: 1946-ին մասնակցել է Էդիտ Պիաֆի համերգային շրջագայությանը Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում: Այդ ժամանակվանից էլ սկսել է երգչի պրոֆեսիոնալ կարիերան:
Ազնավուրը 1000 երգի հեղինակ է, խաղացել է 60 ֆիլմում, վաճառել ավելի քան 100 մլն սկավառակ: “Time”-ի եւ “CNN”-ի համատեղ հարցման արդյունքում ճանաչվել է 20-րդ դարի լավագույն էստրադային կատարողը: Նրա երգերը կատարել են այնպիսի հայտնի աստղեր, ինչպիսիք են Ռեյ Չարլզը, Լայզա Մինելլին, Խուլիո Իգլեսիասը, Բոբ Դիլանը, Միրեյ Մաթյեն եւ այլոք:
2009-ի մայիսի 5-ից Ազնավուրը Հայաստանի դեսպանն է Շվեյցարիայում եւ երկրի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ի կենտրոնակայում: 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո նա բարեգործական հիմնադրամ ստեղծեց եւ կազմակերպեց միջոցների հավաքագրում` երկրաշարժից զոհվածների եւ տուժածների ընտանիքներին օգնելու համար: Հատկապես մեծ արձագանք ստացավ Ազնավուրի “Քեզ համար, Հայաստան” երգը, որի ձայնագրությանը մասնակցեցին 90 ֆրանսիացի երգիչներ եւ դերասաններ: