Հակակարկտային կայանները չեն գործել. անհույս գյուղացու մխիթարանքը
Արմավիրի մարզի Գայի գյուղի բնակիչները ահազանգել էին, որ իրենց գյուղի մոտակայքում գտնվող հակակարկտային կայանները չեն գործել վերահաս կարկուտի պահին: Գյուղացիները կանգնել են փաստի առաջ, այս տարի էլ կզրկվեն բերքից: Հատկապես տուժել են պտղատու ծառերն ու բացօթյա ցանքատարածությունները:
Ահազանգի հետքերով Henaran.am-ը զրուցեց Գայի գյուղի գյուղապետ Սեյրան Մարկոսյանի հետ, որը տեղեկացրեց, որ ստացված վնասի չափը դեռևս ճշտված չէ: Մարզպետարանից իրենց դիմումին ի պատասխան հայտնել են, որ սածիլներով և սերմերով կաջակցեն գյուղացիներին:
“ Այս պահին հնարավոր է նորից մաքրել դաշտերը և զրոյից սկսել ցանքի և սածիլների տնկման աշխատանքները: Այ ծառերի հարցում ոչինչ հնարավոր չէ անել, բավականին խոշոր կարկտահատիկները վնասել են ոչ միայն բերքը` կոտրվել են ամբողջական ճյուղեր, տերևները ցանց են դարձել”:
Սեյրան Մարկոսյանը նշեց, որ գյուղացիները անորոշ ու անհույս վիճակում են: Մխիթարանքը մեկն է. ”Արարատյան դաշտավայրում ենք մեզ մոտ հատկապես արմատացած է ջերմոցային տնտեսությունը: Բնականաբար ջերմոցային բույսերը պաշտպանված են եղել”:
Գյուղապետը նշեց նաև, որ նման տարերային աղետները նպաստում են, որ հողի մշակը հիասթափվի ու գնա արտագնա աշխատանքի: