Անջելինա Ջոլիի կրծքերը հեռացրել են
Հոլիվուդյան դերասանուհի, ՄԱԿ-ի աշխատակցուհի Անջելինա Ջոլին կրծքագեղձերի հեռացման վիրահատության է ենթարկվել` կրծքագեղձի քաղցկեղից խուսափելու համար: Այդ մասին Ջոլին ինքն է գրել “The New York Times”-ի “Իմ բժշկական ընտրությունը” սյունակում:
Դերասանուհու խոսքով` բժիշկներն իր մոտ ախտորոշել են կրծագեղձի քաղցկեղի առաջացման 87 տոկոս եւ ձվարանների քաղցկեղի առաջացման 50 տոկոս հավանականություն: Ջոլին բուժումն սկսել է կրծքագեղձերից: Բժիշկների խոսքով` քաղցկեղի առաջացման հավանականությունը 87 տոկոսից նվազել է 5-ի:
Վիրահատությունը, որի մասին Ջոլին բավականին մանրամասնորեն է պատմել, ընթացել է 3 ամիս եւ ավարտվել ապրիլի 27-ին: Ջոլիի` հեռացրած կրծքերի փոխարեն իմպլանտներ են տեղադրվել: Վիրահատական միջամտության հետեւանքներն արտաքուստ գրեթե տեսանելի չեն:
Դերասաուհին խոստովանել է, որ այդ քայլի հիմնական պատճառն այն է, որ իր մայրը մահացել է կրծքագեղձի քաղցկեղից 56 տարեկանում: Դերասանուհին ցանկանում է որքան հնարավոր է երկար հոգ տանել իր երեխաների եւ թոռների մասին եւ չլքել նրանց ժամանակից շուտ: Հիշեցնենք, որ Ջոլին եւ Բրեդ Փիթը 6 երեխա ունեն:
“World Health Organization”-ի տվյալներով` տարեկան կրծքագեղձի քացկեղից աշխարհում շուրջ 500 հազար կին է մահանում: Ընդ որում, 85 տոկոս հավանականությամբ այն առաջանում է, երբ այդ հիվանդությունից տառապել են մոտ հարազատները, մասնավորապես` ծնողները: