Թուրքական զինուժը անհապաղ պիտի լքի մեր տարածքը. Սիրիայի արտգործնախարար
Սիրիայի արտաքին գործերի նախարար Վելիդ Մուալիմը Նյու-Յորքում ընթացող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանում պահանջել է թուրքական զինուժի անհապաղ հեռացումը Սիրիայի տարածքից:
Միջանկյալ հիշեցնենք, որ օգոստոսի 24-ի վաղ առավոտյան Թուրքիայի բանակի ստորաբաժանումները լայնամասշտաբ գործողություն էին սկսել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալների կողմից վերահսկվող Ջերաբլուս քաղաքում: ԻՊ-ի զինյալներից Ջերալբուսը մաքրվելուց հետո թուրքական ստորաբաժանումները դեռևս չեն լքում Սիրիայի տարածքը: Թուրքայի կողմից իրականացվող նշյալ օպերացիան ստացել էր «Եփրատի վահան» անվանումը:
Թուրքական «Mynet» լրատվական կայքը նշում է, որ Սիրիայի արտգործնախարարի գնահատմամբ` «Եփրատի վահան» գործողության ընթացքում ոտնձգություն է կատարվել Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ:
«Թուրքիան անհապաղ պետք է լքի մեր տարածքը»,- ասել է Սիրիայի արտգործնախարարը:
Հիշեցնելով Շվեյցարիայի Ժնև քաղաքում Սիրիայի կառավարության կողմից ստորագրված հրադադարի և խաղաղ բանակցություններ անցկացնելու նպատակների մասին, նախարարը կողմերին կոչ է արել հավատարիմ մնալ ստանձնած պարտավորվածություններին:
Մուալիմը նաև անդրադարձել է ԱՄՆ-ի օդուժի կողմից Տեր Զոր քաղաքում սիրիական բանակին հարված հասցնելու փաստին: Ըստ նրա` դա խոսում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության և ԱՄՆ-ի միջև գոյություն ունեցող գաղտնի համագործակցության մասին: