16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

“Արաքս”-ին փորձում են վարկաբեկե՞լ

 ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը արձագանքել է շուկայում 12.10.12 մակնշմամբ “Արաքս” թռչնաֆաբրիկայի արտադրած  ձվերի առկայության մասին ահազանգին: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց  ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը: Նրա փոխանցմամբ, ծառայությունը “Արաքս” ընկերությանը  արդեն տվյալ ձվի խմբաքանակի հետկանչի կարգադրագիր է ուղարկել: Բաբկեն Պիպոյանի խոսքով, սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նույնպես ահազանգ է ստացել քաղաքացուց եւ անմիջապես համապատասխան քայլեր ձեռնարկել:

“Մեզ մոտ եղած նմուշները  հանձնվել են լաբորատոր փորձաքննության: Մենք առաջին քայլը արել ենք եւ պաշտոնական գրությունն  արդեն ուղարկել ենք ընկերությանը, որպեսզի խմբաքանակը հետ կանչի, մինչեւ մենք ունենանք այս խմբաքանակի փորձաքննության արդյունքները: Մեր տեսուչները  խանութներում ուսումնասիրություն են իրականացնում, համեմայն դեպս, մենք այդ խմբաքանակից ինչ-որ բան չենք հայտնաբերել”,-մեզ հետ զրույցում նշեց Բաբկեն Պիպոյանը:

Հիշեցնենք, որ խնդրին Henaran.am-ն անդրադարձել էր հոկտեմբերի 8-ին:  Մեր ընթերցողներից մեկն ահազանգել էր, թե հոկտեմբերի 6-ին գնել է 12.10.12 մակնշմամբ “Արաքս” թռչնաֆաբրիկայի արտադրած  ձու:

Նշենք, որ “Արաքս” ընկերությունը հերքում է, թե շուկայում հայտնաբերված տվյալ մակնշմամբ ձուն իր արտադրանքն է: “Արշալույս գյուղի տվյալ խանութը ձու է ստանում  միայն “Արզնի” թռչնաֆաբրիկայից: Մենք  ձու մատակարարում ենք միայն հաշիվ-ապրանքագրերով: Ստուգել ենք, տվյալ խանութը ընդհանրապես “Արաքս”-ի հաշիվ ապրանքագիր չունի եւ տնօրենն էլ պնդում է, որ մեր արտադրած ձուն իրենք չեն ստանում”,-Henaran.am-ին ասաց “Արաքս” ընկերության առաքման բաժնի պետ Արմեն Կարեյանը:

Նա տեղեկացրեց, որ ‘’Արաքս” ընկերությունը դիմել է ոստիկանություն` պարզելու, թե իրականում ինչպես են շուկայում հայտնվել “Արաքս”-ի անվամբ տվյալ մակնշմամբ ձվերը եւ ով է ուզում վարկաբեկել ընկերության հեղինակությունը.”Շուկայում ուժեղ մրցակցություն կա, թող ոստիկանությունը պարզի, ով է արել, ինչի է արել”:

Եթե այնուամենայնիվ պարզվի, որ շուկայում հայտնված ձուն իսկապես “Արաքս” ընկերության արտադրանքն է, ընկերությունը կտուգանվի մակնշման խախտման համար: Նմուշառման փորձաքննության արդյունքներից ելնելով, ձվի տվյալ խմբաքանակը կամ կոչնչացվի, կամ կօգտահանվի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ