Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 14-ի. լրատվամիջոցներ
Վերջին տվյալների համաձայն՝ առնվազն 14 մարդ է զոհվել Իտալիայի կենտրոնական հատվածում լույս չորեքշաբթի տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով, հայտնում են իտալական ԶԼՄ-ները:
Ավելի վաղ տեղեկություն կար 6 զոհի մասին:
Վերջին տվյալների համաձայն՝ Ակումոլի քաղաքում մահացել է առնվազն 6 մարդ, ևս երկուսը մահացել են Արկուատա դել Տրոնտոյում, 5-ը՝ Ամատրիչեում: Բացի այդ, Պեսկարա դել Տրոնտո քաղաքում երեխա է մահացել, նրա ծնողները գտնվում են փլատակների տակ:
6,0 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումը, սեյսմոլոգների տվյալներով, տեղի է ունեցել տեղի ժամանակով 03:36-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ակումոլի քաղաքի մոտակայքում։
5,4 մագնիտուդով երկրորդ ցնցումը գրանցվել է ժամը 04:34-ին՝ Ումբրիա մարզում: Ցնցումները զգացվել են Կենտրոնական Իտալիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում և Բոլոնիայում: