27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ստամբուլում փակվել է հայ բժշկին պատկանող կլինիկան

Թուրքիայում հայտարարված «արտակարգ դրության» շրջանակներում փակվել է հայ բժշկին պատկանող կլինիկան: Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ արհեստական բեղմնավորմամբ և կանանց առողջապահությամբ զբաղվող «İstanbul Tüpbebek» կլինիկան հիմնվել է 11 տարի առաջ: Կլինիկայի բաժնետոմսերի 61.5 %-ը պատկանում է նրա հիմնադիր  Արետ Քամարին, ով ազգությամբ հայ է, դավանանքով` քրիստոնյա:

Աղբյուրի համաձայն՝ հուլիսի 25-ին կլինիկան ենթարկվել է աուդիտորական ստուգման՝ առողջապահական մարմինների, ՏԻՄ-ի և ֆինանսների նախարարության ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից: Նշյալ հանձնաժողովը եզրակացրել է, որ կլինիկան կապ ունի «զուգահեռ կառույցի» (Գյուլենական համայնքի) հետ, ինչի հիման վրա  որոշում է կայացվել կենտրոնը փակելու մասին:

«Ակոս»-ի հետ զրույցում Արետ Քամարը նշել է, որ մասնագիտական գերզբաղվածության պատճառով նա որևէ այլ գործունեությամբ զբաղվելու հնարավորություն ուղղակի չունի:

«Մենք այդ կառույցի հետ որևէ կապ ունենալ չենք կարող, սակայն կլինիկայի փակման որոշումը կայացրել է կառավարությունը, հետևաբար մենք ոչ դատարան կարող ենք դիմել, ոչ էլ փաստաբանները կարող են օգնել», – հավելել է նա:

Պոլսահայ բժիշկը նաև նշել է, որ կլինիկաի մյուս բաժնետերերը ևս, իրենց մեծ զբաղվածությունից ելնելով, չէին կարող «զուգահեռ կառույցի» հետ կապ ունենալ: Միևնույն ժամանակ նա կարծիք է հայտնել, որ, եթե նույնիսկ իր գործընկերներից կամ աշխատակիցներից որևէ մեկն այդ կառույցի հետ իսկապես կապ ունենար, միևնունն է, անարդար կլիներ  ինչ-որ մարդկանց անհատական գործունեության պատճառով փակել հսկա կլինիկան, որը որևէ կասկածելի գործունեություն չի ծավալում:

«Առանց հետաքննություն անցկացնելու, առանց հարցի ու հարցաքննության փակեցին մեր կլինիկան: Ներսում եղած ողջ գույքը, բժշկական սարքերը  թալանեցին,  տարան: Ոչինչ չմնաց: Դրամարկղում եղած գումարն էլ տարան», – պատմել է հայ բժիշկը:

Քամարը մտահոգություն է հայտնել մասնավորապես այն հանգամանքի առթիվ, որ հանձնաժողովը բռնագրավել է նաև հիվանդների անձնական գործերը: Ընդհանուր առմամբ, բռնագրավվել է շուրջ 40.000 հիվանդի անձնական գործ: Անգամ բեղմնավորված էմբրիոններն են բռնագրավվել ու տեղափոխվել Քոչի համալսարան:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում ձեռնարկված և ձախողված հեղաշրջման փորձից հետո երկրում  երեք ամիս ժամկետով «արտակարգ իրավիճակ» է հայտարարվել: Այս պայմաններում երկրի իշխանությունները իրավասու են անվտանգության նկատառումներով արգելել կամ սահմանափակել ցանկացած կառույցի, հիմնարկի գործունեությունը:

Հայտնի է, որ «արտակարգ իրավիճակ» հայտարարելուց հետո մինչ օրս  միայն Ստամբուլում «Ֆեթուլլահական ահաբեկչական խմբավորմանն» (FETÖ) անդամակցության, աջակցության կամ դրա հետ կապի  մեղադրանքով 3 համալսարան, 149 դպրոց, 150 կազմակերպություն, 15 հիմնադրամ և 4 առողջապահական կենտրոն է փակվել:

 

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ