29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եվրասկեպտիկ ուժերը ԵՄ-ը քննադատելու համար նոր առիթ ունեն

Եվրահանձնաժողովը կարգապահական պատասխանատվության գործընթացներ է սկսել Իսպանիայի և Պորտուգալիայի դեմ 2015-2015թթ. վերջիններիս կուտակած բյուջեի հսկայական պակասորդի պատճառով։ Միությունն անգամ նախազգուշացրել է, որ ֆինանսական խնդիրները չլուծելու դեպքում, պատժամիջոցներ կկիրառի երկու երկրների նկատմամբ։

Եվրահանձնակատարների կոլեգիան վերջերս հաստատել է, որ Պորտուգալիան չի կարողացել մինչև 2015թ. սահմանված վերջնաժամկետում լրացնել բյուջեի պակասորդը, իսկ Իսպանիային դժվար թե հաջողվի մինչև 2016թ: Այս ժամկետները ԵՄ Խորհուրդը սահմանել է դեռևս 2013թ. Եվրոպական Միության գործունեության Պայմանագրի (TFEU) 126(8)-րդ հոդվածով։ Այն նաև նախատեսում է տուգանքի կրճատում կամ հետձգում միայն «բացառիկ» դեպքերում: Բրյուսելում կայացած վերջին խորհրդակցության ժամանակ Եվրագոտու ֆինանսների նախարարների խորհրդի ղեկավար (Եվրախումբ) Յերուն Դեյսելբլումը հայտարարել է, որ Պորտուգալիան ու Իսպանիան արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկել բյուջեի պակասորդը նվազեցնելու ուղղությամբ, որը կնշանակի ՀՆԱ-ի 0,2%-ի չափով տուգանքի սահմանում երկու երկրների նկատմամբ:

Իսպանիայի բյուջեի պակասորդը անցյալ տարի երկրի ՀՆԱ-ի 5.1%-ն էր կազմում, մինչդեռ վերջինիս համար սահմանված թիրախային ցուցանիշը 4,2% էր, իսկ Պորտուգալիայի պակասորդը՝ 4.4%, թիրախային ցուցանիշը՝ 3%: Մյուս կողմից, Պիրենեյան երկրներին պատժելը վիճելի հարց է: Մինչև հիմա ԵՄ-ի ղեկավարությունը նման միջոցառումներ չի կիրառել միության կազմի մեջ մտնող որևէ երկրի նկատմամբ։ Ֆրանսիան և Իտալիան ևս ժամանակին նախազգուշացումներ են ստացել բյուջեի դեֆիցիտի կրճատման հանձնարարականները չիրագործելու համար, բայց ոչ մեկի նկատմամբ պատժամիջոցների կիրառման գործընթաց չի սկսվել: Իսպանիայի տնտեսության նախարար Լուիս դե Գինդոսը համոզված է, որ տուգանքներ նշանակելու մասին լուրերը անհեթեթ են, քանի որ Իսպանիան եվրագոտու արագ զարգացող տնտեսությունների շարքին է պատկանում ու ավելի շատ բարեփոխումներ է իրականացրել, քան որևէ այլ երկիր։

Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ պատժամիջոցներն անհիմն են և չափազանց անարդյունավետ: Financial Times պարբերականի հաղորդմամբ՝ ԵՄ պաշտոնյաներից շատերն ակնկալում են, որ տուգանքը ի վերջո կզրոյացվի՝ երկու երկրների տնտեսական ծանր իրադրությունն հաշվի առնելով: Ողջ Եվրոպայում գնալով դժգոհության ալիք է բարձրանում, որը դեմ է հանդես գալիս Եվրամիության վերազգային իշխանությանը: Տուգանքներ սահմանելը ոչ միայն չի օգնի երկու երկրներին հաղթահարելու բյուջեն կարգավորելու խոչընդոտը, այլև ավելի կբարդացնի իրավիճակը: Սա ընդամենը ևս մեկ առիթ կծառայի եվրասկեպտիկ ուժերին ԵՄ-ը քննադատելու համար: Հետևաբար նոր խնդիրներից խուսափելու համար, ԵՄ-ը կփորձի ավելի շուտ աջակցել տնտեսական ճգնաժամի շեմին կանգնած պետություններին, քան թե ավելի սրել իրավիճակն ու վտանգել միության ապագան։ Ուստի ամենահավանական տարբերակն այն է, որ Եվրահանձնաժողովը պարզապես նոր ֆինանսական քաղաքականություն կիրականացնի Իսպանիայի ու Պորտուգալիայի նկատմամբ՝ նոր վերջնաժամկետներ սահմանելով։

Անի Գասպարյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ